Հովիկ Աբրահամյանն ընդունեց գործարարներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում:
Անդրադառնալով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների նկատելի աշխուժացմանը՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հատկապես միջխորհրդարանական համագործակցության դերը
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Շվեյցարիա-ԱՊՀ համատեղ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, Ժնեւի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը կարեւորեց այն սերտ հարաբերությունները, որ առկա են երկու երկրների միջեւ:
Նա եւս կարեւորեց Շվեյցարիայի եւ Հայաստանի խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ դրանում աստիճանաբար ավելի մեծ տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին: Գի Մեթանը նշեց, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացմամբ երկկողմ հարաբերություններում սկսվել է նոր փուլ. այն բնորոշվում է հատկապես տնտեսական ու մշակութային կապերի հաստատմամբ եւ ամրապնդմամբ:
Լյուկ Բարթասան նշեց, որ իրենք տպավորված են Հայաստան կատարած այցից, ունեցած արդյունավետ հանդիպումներից, որոնցից ակնկալում են գործնական արդյունքներ: Նա տեղեկացրեց, որ այս անգամ առիթը բաց չեն թողնելու այցելելու նաեւ Լեռնային Ղարաբաղ:
Այս կապակցությամբ ԱԺ նախագահը ողջունեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը, ինչը լավ հնարավորություն էր տեղում իրավիճակին ծանոթանալու եւ օբյեկտիվ դիրքորոշում ձեւավորելու համար:
Երկկողմ հարաբերությունների առնչությամբ իրենց մոտեցումները ներկայացրեցին նաեւ պատվիրակության եւ հանդիպմանը ներկա Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամները:
Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։