Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորավարժություն «Տիգրանակերտ»-ում

Պաշտոնական
fedef0601c334bb6dd451695b39a7c47

Հոկտեմբերի 15-ից 23-ը ԼՂՀ պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կազմակերպվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները, պաշտպանության նախարարներն ու բարձրաստիճան զինվորականներ:

Հինգ փուլից բաղկացած համաբանակային նշանակության միջոցառումը նպատակ ուներ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի խաղարկման ընթացքում ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, մարտի տարբեր տեսակներում կատարելագործել զորամասերի գործողությունների մարտական ներդաշնակությունը, բարձրացնել հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները և որ շատ կարևոր է, անձնակազմի մոտ ձևավորել բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներ:

«Հանրապետության զինված ուժերի համար զորավարժությունն աննախադեպ էր ոչ միայն նրանում ընդգրկված ուժերի և միջոցների անհամեմատ մեծ ծավալներով, այլև դրանց ներդաշնակ կիրառման արդյունավետությամբ և մարտական պատրաստության ուղղությամբ ցուցաբերած կոլեկտիվ և անհատական բարձր ունակություններով»,- ասված է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո հաղորդագրության մեջ: