Խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում և բացահայտել բազմաթիվ խախտումներ:
- Ստուգված բոլոր ընկերություններում առկա չեն եղել ոռոգման ջրի մատակարարումների չափաքանակների որոշման վերաբերյալ իրավական ակտեր, ներքին կանոնակարգեր և ջրաչափական սարքեր, այսինքն' մատակարարված ջրի չափաքանակի հաշվարկման մեխանիզմը բացակայել է:
- Վերը նշված բոլոր ընկերությունները դեբիտորական պարտքերի դուրսգրումներն իրականացրել են կամայական սկզբունքով' առանց հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակման և իրավական հիմքերի: Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել նաև մատակարարված ջրի դիմաց հասանելիք վարձավճարների և անդամավճարների գանձման ուղղությամբ: Օրինակ, «Մասիս», «Մուսալեռ» և «Նաիրի» ընկերություններն իրենց 2010 և 2011 թվականների ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կատարված ծախսերի ծավալը ներկայացրել են մի քանի միլիոն դրամով ավելի, իսկ եկամուտները՝ մի քանի միլիոնով պակաս:
«Մասիս», «Մուսալեռ», «Աշտարակ» և «Նաիրի» ՋՕԸ-ների կողմից 2010թ. համեմատ 2011-ին և 2012-ի անցած ժամանակահատվածում ջրօգտագործողներին հատկացված ջրի և հաշվարկված անդամավճարների հավաքագրման մակարդակը նվազեցնելը հանգեցրել է նախորդ տարիների համեմատությամբ դեբիտորական պարտքերի աճի: Միաժամանակ, ընկերություններն իրենց դեբիտորական պարտքը և ստացած հասույթը տեղեկատվական համակարգչային բազայում հաշվառված պարտքի և հասույթի գումարներից պակաս են ներկայացրել՝ կրկին մի քանի միլիոն դրամով:
·
ՀՀ վարչապետին զեկուցվել է նաև, որ ստուգված բոլոր ՋՕԸ-երի կողմից վարվող ջրբաշխիչ մատյաններում և տեղեկատվական բազաներում արտացոլված ջրտուքի տվյալների միջև առկա են եղել անհամապատասխանություններ:
- 2011թ.-ին «Մուսալեռ» և «Նաիրի» ՋՕԸ-երում, առանց համապատասխան հանձնման-ընդունման ակտերի առկայության, համապատասխանաբար, 19 մլն 509 հազար և 222 մլն 283 հազար դրամ, մուտքագրվել են' որպես հիմնական միջոցներ և ձևակերպվել որպես ակտիվներին վերաբերող շնորհ: Նշված ձևակերպումները կատարելիս գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր չեն կնքվել և նոտարական վավերացում չեն ստացել, ինչպես նաև անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները չեն ստացել համապատասխան պետական գրանցում:
- Միաժամանակ, «Նաիրի» ՋՕԸ-ի կողմից շահագործված 28 մլն 294 հազար դրամի հիմնական միջոցներն ընկերությունում համապատասխան հաշվապահական ձևակերպում ևս չեն ստացել:
- Վերը նշված ընկերություններում արձանագրվել են նաև ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերի բացակայություն, ինչպես նաև ձեռք բերված վառելիքի ծախսերն իրականում եղածից ավելին ներկայացնելու փաստեր:
- Ստուգված բոլոր ընկերությունները պետական դրամաշնորհի հաշվին նախագծային և շինարարական աշխատանքները կազմակերպելիս չեն առաջնորդվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներով:
- «Մասիս», «Մուսալեռ» և «Աշտարակ» ՋՕԸ-ների կողմից նախատեսված շինարարական աշխատանքների համար չեն կազմվել համապատասխան նախագծային փաստաթղթեր և աշխատանքի գինը որոշող նախահաշիվներ:
- «Մասիս» ՋՕԸ-ում պետական դրամաշնորհի հաշվին կատարված շինարարական աշխատանքների ստուգմամբ պարզվել է, որ չկատարված շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 824 հազար դրամ: Նշված գումարներից ենթակա է վերականգնման 11 մլն 81 հազար դրամը: «Մուսալեռ» ՋՕԸ-ում պետական դրամաշնորհի հաշվին կատարված շինարարական աշխատանքների գծով թույլ տրված հավելագրման ծավալը կազմում է 600 հազար դրամ:
Այս ամենի արդյունքում ՀՀ վարչապետը հանձնարարել է համապատասխան մարմիններին բացահայտված դեպքերի արդյունքում բոլոր մեղավորներին ենթարկել պատասխանատվության: Այս մասին հայտնել է Կառավարության մամլո ծառայությունը։