Պատանի հերոսները (տեսանյութ)
Չնայած Հայաստանում աստղագիտություն առարկան ոչ ֆակուլտատիվ անցնում են միայն մեկ դպրոցում, աստղագիտության 17-րդ միջազգային օլիմպիադային հայ պատանիները բերել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
«Մեր աշակերտները մրցում էին այն երկրների աշակերտների հետ, որտեղ աստղագիտությանը շատ մեծ ուշադրություն են դարձնում և ունեն լավ գիտատեխնիկական բազաներ՝ և՜ դպրոցներին կից, և՜ ընդհանրապես»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց օլիմպիադայի խմբի ղեկավար Մարիետա Գյուլզադյանը։
Օլիմպիադան անցկացվել է հոկտեմբերի 17-23-ը Հարավային Կորեայում՝ 3 փուլով՝ տեսական, դիտողական և պրակտիկ։
Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Գևորգ Մարտիրոսյանը, բացի ոսկե մեդալից, օլիմպիադայում արժանացել է նաև հատուկ դիպլոմի՝ լավագույն արդյունքը գրանցելու համար։
«Երեք փուլերը գրելուց հետո գումարային միավորներով որոշվում էր, թե ով որերորդ տեղում է, դժվարության մակարդակն այնպիսին էր, ինչպես մենք սպասում էինք, միայն դիտողական փուլը մեր սպասածից ավելի դժվար էր։ Մեր հիմնական մրցակիցները Հնդկաստանի, Ղազախստանի և Կորեային թիմից էին»,- ասաց օլիմպիադայի ոսկե մեդալակիր Գևորգ Մարտիրոսյանը։