Օստեոպորոզը միայն մեծահասակների հիվանդություն չէ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Օստեոպորոզի միջազգային ասոցիացիայի հանձնաժողովի անդամ Ջոն Բիլեզիկյանին և նույն ասոցիացիայի անդամ Քերոլայն Աբովյանին։ ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորները վաղը կմասնակցեն Հայաստանի բժիշկների համար ամեն տարի կազմակերպվող օստեոպորոզին նվիրված 6-րդ գիտաժողովին։
Ջոն Բիլեզիկյանը նախարարին տեղեկացրեց, որ այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ծանոթանալու, թե ինչպես է ընթանում անցյալ տարի իր կողմից բերված դենսիտոմետր սարքի գործարկումը: Միաժամանակ նա ասաց, որ այդ ուղղությամբ Արցախում մասնագետական օժանդակության անհրաժեշտություն կա։
Դերենիկ Դումանյանը պատրաստակամություն հայտնեց ապահովել Երևանի մասնագետների աջակցությունը Լեռնային Ղարաբաղում ախտորոշիչ սարքի գործարկմանը։
Անդրադառնալով օստեոպորոզի խնդիրներին` պրոֆեսորը նշեց, որ թյուր է այն կարծիքը, թե դա մեծահասակների հիվանդություն է։ Այն կարող է ի հայտ գալ նաև երիտասարդ տարիքում` որպես մի շարք հիվանդությունների հետևանք։
Բոստոնի համալսարանում մանկական սնուցման ծրագրերի ղեկավար Քերոլայն Աբովյանը ներկայացրեց, որ օստեոպորոզը հնարավոր է կանխել վաղ հասակում` ճիշտ սնուցման, սննդի մեջ հավելումների և ֆիզիկական ակտիվության միջոցով։ Նա պատրաստակամություն հայտնեց այս ուղղությամբ շարունակել համագործակցությունը հայ գործընկերների հետ։
Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։