Սերժ Սարգսյանը ստոր եւ անբարոյական համարեց
Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ:
«Ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում դատախազը լուրջ դերակատարություն ունի, սակայն նախաքննական մարմինների ներկայացուցիչներն այստեղ են, և բոլորը քաջ գիտակցում են, որ այս գործում յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր բաժինը»,- ասել է նա։
Ըստ նրա՝ այս կարճ ժամանակահատվածում Նախագահի աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների ստուգման արդյունքում «նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ» ։
«Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Մենք այսօր դեռևս այդ փաստերի մասին կլսենք»,- ասել է նա։
Դիմելով դատախազներին Սարգսյանն ասել է, թե հանցավոր, արատավոր միտում կա՝ գործերը քննելիս, մեկ էլ հանկարծ 15 տարվա գործունեությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն է ի հայտ գալիս. « Հանձնարարում են հարկայինին՝ այս կազմակերպության վերջին 15 տարվա գործունեությունն ուսումնասիրի: Հարյուրավոր մարդկանց պետք է քննել, այն դեպքում, երբ դա գործի հետ քիչ առնչություն ունի: Եվ այս ամբողջը բացատրում են գործի համապարփակ, ամբողջական քննությամբ, իբր: Ի՞նչ գործ ունեք: Հանցագործությու՛նը բացահայտեք»:
«Եվ սրանք արձանագրված դեպքերից միայն մի քանիսն են: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես, իրավապահ մարմնում ինչպե՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն, դա նշանակում է, որ որոշ մարդիկ հղփացել են: Եթե մարզի դատախազի տեղակալը մտածում է, որ ինքը կարող է այդպիսի արարք թույլ տալ, ես ուրիշ կերպ մտածել չեմ կարող»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է քրեական գործերով նախաքննության վիճակի գործնական խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմում իրականացված վերլուծությունը:
Հաշվի առնելով արձանագրված խնդիրների բնույթը և դրանց առաջացրած հետևանքները՝ Սերժ Սարգսյանն իրավիճակի շտկմանն ուղղված հանձնարարականներ է տվել կոնկրետ պատասխանատուներին:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ շահագրգիռ վերաբերմունք է ակնկալում ՀՀ գլխավոր դատախազից, դատախազի տեղակալներից, քննության պատասխանատուներից:
«Ես պահանջում եմ բոլորից սկզբունքայնություն: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ունենա, և այդ պատասխանատվությունը պետք է ֆիքսված լինի: Մենք 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով նորից անդրադառնալու ենք քննության որակին և կոնկրետ փաստերին»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: