Բոզոյանը դեռ չի որոշել՝ բողոքարկել, թե՞ ոչ
Մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության համերգ քարոզարշավի ժամանակ Փուչիկների պայթյունի գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը դեռ չի բողոքարկել դատավճիռը:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը, իրենք դեռ 20 օր ունեն բողոքարկման համար եւ պաշտպանյալի վերջնական որոշման մասին դեռ տեղյակ չէ:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հոկտեմբերի 17-ին նրան մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ նաեւ որոշել` երկու տարի չի կարող փուչիկներ լիցքավորել եւ իրացնել:
Փուչիկների պայթյունից տուժել էր 228 մարդ:
Հիշեցնենք, որ օրերս Սերոբ Բոզոյանի կինը հարցազրույցներից մեկում հստակ նշել էր, թե Հանրապետական կուսակցությունից ով է պատվիրել այդ վտանգավոր փուչիկները, քանի որ հելիումով լիցքավորվելու դեպքում փուչիկները մի քանի անգամ ավել գին կունենային:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել նոր վարույթ հարուցելու համար` քանի որ գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Որոշման համար նախատեսված տասնօրյա ժամկետը դեռ չի լրացել: