Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

55 հոգի բերման են ենթարկվել

Հասարակություն
dee7864c19d8ee67a05fa1748911a492

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ծավալուն գործողություններ են իրականացվել ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտման ուղղությամբ:


Ըստ ոստիկանության մամլո ծառայության՝ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք է տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը բարձված է եղել տախտակով, երկուսը՝ ընկուզենու փայտով (որի մեկ խորանարդ մետրի շուկայական գինն, ի դեպ 300 հազար դրամ է), իսկ մնացածը՝ վառելափայտով: Մինչ այս գործողությունն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ հարյուր մեքենա, որոնք կներգրավվեն արդեն իսկ սկսված քննության ընթացքում:
Ստուգումներ են իրականացվել 18 փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններ, չորանոցներ և այլն:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցությամբ մի քանի ժամվա ընթացքում բերման է ենթարկվել 55 անձ, մեկը ձերբակալված է:

Գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են փաստաթղթեր, որոնք կամ կեղծ են, կամ ժամկետանց, հայտնաբերվել են հատումն արգելված ծառատեսակներ կտրելու դեպքեր, փաստաթղթում նշված և առկա փայտանյութի տեսականու անհամապատասխանութւթյան դեպքեր և այլն: Նշանակվել են տասնյակ մասնագիտական փորձաքննություններ: