Հողն էլ հետը կբերե՞ն Երեւան (տեսանյութ)
«Պատմական հուշարձանների պահպանություն» նախաձեռնությունը դեմ է պատմական հուշարձանների տեղափոխմանը Երևան՝ «Քարերը ժողովելու ժամանակը»՝ դեկտեմբերյան ցուցահանդեսին ներկայացնելու համար։: Գործադրի որոշումը չեղյալ համարելու պահանջով այսօր նրանք բազմաթիվ պաստառներով Կառավարության առջև էին:
«Հուշարձանը հուշարձան է իր հողի հետ միասին: Քարն առանձին հուշարձան չի կարող համարվել, և այն իր հողից առանձնացնել և բերել Երևան, մշակութային ոտնահարում է»,- ասաց նախաձեռնության անդամ Լիանա Մանուսաջյանը: Հուշարձանների տեղափոխմանը դեմ քաղաքացիները համոզված են` եթե հուշարձանների տեղափոխման գլխավոր նպատակը դրանց վերականգնումն է, ապա կարելի է վերանորոգման աշխատանքները տանել հենց այնտեղ, որտեղ նրանք գտնվում են: «Հուշարձանը ինչքան հին է, այնքան շատ մեծ պատմություն է մեծ հաղորդում: Եվ վերանորոգել հուշարձանը անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ վտանգ կա, որ այն կարող է ոչնչանալ»,- ասաց Լիանա Մանուսաջյանը:
«Հուշարձանների տեղաշարժը արժեզրկում է նրանց», «Հայաստանը միայն Երևանը չէ», «Մի´ զրկեք մարդկանց մշակութային արժեքներից» և նմանատիպ բովանդակությամբ պաստառներով` նախաձեռնության անդամները ՀՀ Մշակույթի նախարարության հրավերով Կառավարության մոտից շարժվեցին դեպի Հայաստանի պատմության թանգարան, որտեղ էլ գտնվում են մարզերից բերված պատմական հուշարձանները:
Ի տարբերություն ցուցարարների` ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը համոզված է, որ հուշարձանների` մայրաքաղաք տեղափոխմամբ դրանք վերարժեվորվում են: «Դրանք Երևանում պետք է վերականգնվեն, ամրակայվեն, արժեվորվեն, որովհետև այն հուշարձաններից շատերի տեղը գիտեին միայն անհատներ: Դրանցից շատերն անհատների բակերից է բերված, կա խոյ, որը վերածվել էր ցայտաղբյուրի»,- ասաց Արև Սամուելյանը:
Նախաձեռնության անդամներից Արման Մխիթարյանը համոզված չէ, որ հուշարձանները 2016 թվականին` որոշման համաձայն կվերադարձվեն իրենց տեղերը:
Ասում է, որ իր մտահոգությունները լիովին հիմնավորված են: «Օրինակ 2007թ. Լոռու բերդից խաչքար տեղափոխվեց Լուվրի թանգարան, և մինչ այսօր պարզ չէ դրա ճակատագիրը, և կան այդպիսի բազում դեպքեր»,- ասաց Արմանը;
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ դեկտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում կկազմակերպվի «Քարերը ժողովելու ժամանակը» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի տարբեր պարզերից բերված 51 պատմանակ հուշարձաններ։ Դրանք թանգարանում կմնան մինչև 2016թվանակը: