Ընտրություններ ՄԱԿ-ում
Նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կկայանան Մարդու իրավունքների խորհրդի ընտրություններ:
Ասիական երկրների խմբի հինգ տեղերի համար նույնքան թեկնածուներ են` Ճապոնիան, Ղազախստանը, Պակիստանը, Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Արաբական Էմիրությունները:
Նույն իրավիճակը աֆրիկյան պետությունների խմբում է, որտեղ հինգ տեղերին հավակնում են հինգ երկրներ` Կոտ դ' Իվուարը, Եթովպիան, Գաբոնը, Քենիան և Սիերա Լեոնեն:
Արևմտաեվրոպական և այլ երկրների խմբին հատկացվելիք երեք տեղերի համար կպայքարեն Գերմանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան, Իռլանդիան և Հունաստանը:
Արևելյան երկրների խմբի երկու տեղերի համար առաջադրված է երկու թեկնածու` Էստոնիան և Մոնտենեգրոն:
Լատինական Ամերիկայի երկրների խմբի երեք տեղերի համար առաջադրված են երեք երկրներ` Արգենտինան, Բրազիլիան և Վենեսուելան:
Խորհրդի կազմում 47 պետություն է: Արևելաեվրոպական երկրներն այս կառույցում ունեն 6 տեղ, Ասիան և Աֆրիկան` 13-ական, Լատինական Ամերիկան` 8, իսկ արևմտաեվրոպական երկրները, ԱՄՆ-ն, Կանադան և Իսրայելը` 7 տեղ:
Խորհրդի յուրաքանչյուր անդամ ընտրվում է Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների մեծամասնությամբ` ուղիղ գաղտնի քվեարկությամբ: Մարդու իրավունքների խորհրդի անդամները պետք է պահպանեն մարդու իրավունքների պաշտպանության բարձր չափանիշները: Եթե հայտնի դառնան նրանց կողմից մարդու իրավունքների զանգվածաբար և պարբերական խախտումների դեպքեր, ապա այդ երկրների անդամությունը Խորհրդում կարող է կասեցվել Գլխավոր ասամբլեայի ձայների երկու երրորդով:
Խորհրդի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով և երկու անգամից ավելի անընդմեջ վերընտրվելու իրավունք չունեն:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի, 2012թ.-ին ավարտվում են Մարդու իրավունքների խորհրդում Բանգլադեշի, Ռուսաստանի Դաշնության, Բելգիայի, Չինաստանի, Հունգարիայի, Ջիբութիի, Հորդանանի, Կամերունի, Կուբայի, Ղրղզստանի, Մավրիկիոսի, Մեքսիկայի, Նիգերիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի, ԱՄՆ-ի և Ուրուգվայի լիազորությունները:
«Փաստինֆո»