«Հավի կեր, որ տվել էին մեզ ցանելու» (տեսանյութ)
Ռուսական էլիտար ցորենի սերմերի ներկրումը կառավարության կողմից 100 տոկոսանոց բիզնես էր: Սա է ԲՀԿ-ի գնահատականը:
«Դա բիզնես չէր, դա լուրջ պետական օժանդակության ծրագիր էր, որն իրականացվում էր երկու տարի, որից մեր երկիրը շահեց, ոչ թե տուժեց»,- հակադարձում է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Էլիտար ցորենից տուժած գյուղացիները բոլոր այլ կարծիքին են: Բոլոր կողմերին լսելու համար ԱԺ-ն այսօր լսումներ կազմակերպեց «Սերմերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար: Կառավարությունն առաջարկում է ազատականացնել օրենքը եւ սերմ ներկրելիս փորձարկումներն անել կամավորության սկզբունքով:
Մասնագետների մի մասը վտանգավոր համարեց շուկան անվերահսկելի թողնելու հեռանկարը եւ անհրաժեշտ նախապայման դիտարկեց սերմերի որակի պաշտպանությունը:
Նրանց հիմնավորմամբ՝ հատկապես խիստ պետք է լինել ռազմավարական նշանակության կուլտուրաների՝ հացահատիկի, կարտոֆիլի եւ այլ սերմերի դեպքում:
Ընդդիմադիր պատգամավորներն այն կարծիքին էին, եթե , օրինակ, սերմացուն փորձարկվեր գյուղացին այս տարի փաստի առաջ չէր կանգնի:
«Սա մամուլի ասուլիս չէ, որ ես բոլոր հարցերին այստեղ պատասխանեմ»,- ասաց Գյուղատնտեսության Սերգո Կարապետյանը։ Նրան հակադարձեց ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը.« Հարցերին պատասխանելը լսումներին դա ձեր պարտականությունն է, այլ ոչ թե իրավունքը»
Գյուղնախարարի զայրույթն ավելի բոբորքեց ԲՀԿ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն իր պնդումներով. «Պետական մոնոպոլիա կա գյուղնախարարության կողմից, ես դա ճշտված եմ ասում»
«Խնդրում եմ, ձեր արտահայտությունների մեջ մի քիչ զգույշ լինեք, եւ այդպիսի բաներ մի ասեք»,- ասաց նախարարը։
Նախարարի պարզաբանումներն այսօր չբավարարեցին նաեւ քննարկմանը ներկա ֆերմերներին, մասնավորապես այն պատճառաբանությունները, թե էլիտար ցորենը բերք չի տվել կլիմայի պատճառով;
«Հավի կեր, որ տվել էին մեզ ցանելու»,- ասաց Արարատի մարզի Արալեզ համայնքի ֆերմեր Երջանիկ Միրզախանյանը։