Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

Պաշտոնական
736738316b2e0b3d3a686c6e43825b13

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը:
Նա ողջունել է հյուրերին և կարևորել նման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և դրական դինամիկա ունեն:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ ներգրավվածության և այդպիսով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը մեծապես նպաստելու համար:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել այն ներդրումը, որ Հայաստանը կատարում է Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահ առաքելության իրականացման գործում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, երկուստեք կարևորել ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:

Նրանք կարևորել են մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, ընդգծելով, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց այդ ուղղությամբ արմատական քայլերի: