Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտո»-ին կպատժեն

Տնտեսություն
ee2fb3dc57c27266a4c19972d0868cad

Այսօր` հունվարի 22-ին ՀՀ ՏՄՊՊՀ նիստում մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ մի շարք ընկերությունների հանդեպ հարուցվեցին վարչական վարույթներ:

Պետգնումների ոլորտում կատարված հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ ընկերություններ գործել են փոխկապակցված՝ փորձելով շուկայից դուրս մղել մրցակիցներին

Հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվեցին նաև մանկատների և ծերանոցների կողմից՝ սննդամթերքի, գույքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները:
Այս փուլում ուսումնասիրվել է 88 հաստատությունների կողմից հայտարարված ավելի քան 200 մրցույթների կազմակերպման գործընթացը: Պարզվել է, որ որոշ ընկերություններ՝ «Երեքնուկը», «Ամարաս-Յուսը» և «Սեար Գրուպը», մրցութային գործընթացների շրջանակներում վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն: Ուսումնասիրված փաստաթղթերում նրանց կողմից մրցույթներում ներկայացված գնային առաջարկներում առկա են էական նմանակումներ. դրանցում կրկնվում են անգամ նույն տառասխալները և կոնտակտային տվյալները: Առկա են նաև փոխկապակցված անձանց անունների կրկնություններ: Հանձնաժողովը պարզել է, որ վերջինները մասնակցել են տասնյակ մրցույթների և փոխհամաձայնեցված կերպով հերթականությամբ հաղթող ճանաչվել դրանցից որևէ մեկում: Օրինակ, «Երեքնուկ» ՍՊԸ-ն, մասնակցելով «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթին, հաղթող է ճանաչվել մի շարք ապրանքների մատակարարման գծով, իսկ մեկ ամիս անց մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն ապրանքների գծով առաջարկելով մինչև 40%-ով բարձր գին: Նշված ընկերությունները, հաղթող ճանաչվելով տարբեր մրցույթներում, սննդամթերքի մատակարարումը որոշ դեպքերում իրականացրել են շուկայականից մինչև 150%-ով բարձր գներով։
Դեռևս նախորդ տարվանից սկսված լայնածավալ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ 3 խոշոր ընկերությունները ակտիվ դերակատարում ունեն պետգնումների ոլորտում և շատ դեպքերում հանդես են գալիս որպես սննդի հիմնական մատակարարներ: Հիշեցնենք նաև, որ նախորդ տարեվերջին Հանձնաժողովը մոտ 15 մլն դրամ տուգանք է կիրառել նույն «Սեար գրուպ» և «Երեքնուկ» ընկերությունների հանդեպ՝ մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ:

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները բացահայտել են նաև ընկերությունների փոխադարձ պայմանավորվածության այլ փաստեր ևս
Մի շարք դեպքերում, միաժամանակ մասնակցելով նույն մրցույթին, վերոնշյալ երեք ընկերություններից մեկը տվյալ ապրանքի մատակարարման համար ներկայացրել է անհամեմատ ցածր գին և, բնականաբար, հաղթող է ճանաչվել: Սակայն հետագայում հրաժարվել է մրցույթից՝ իր տեղը զիջելով երկրորդ տեղը զբաղեցրած և հաղթող ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության:
Վերոնշյալ խախտումների հիման վրա, այսօր կայացած նիստում Հանձնաժողովը վարույթ հարուցեց «Երեքնուկ», «Ամարաս-Յուս» և «Սեար Գրուպ» ընկերությունների հանդեպ:

2. «Ռոբերտո» խանութ սրահի գործելաոճը մոլորեցրել է տասնյակ սպառողների

Այսօր կայացած նիստում ՏՄՊՊՀ որոշմամբ հարուցվեց վարչական վարույթ նաև հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ: Նշված խանութի կողմից հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվել են, որ ամբողջ ապրանքատեսականին վաճառվում է 50 տոկոս չեղված գնով: Ստացված դիմոմ բողոքների, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա տասնյակ քաղաքացիների բողոքների հիման վրա ՏՄՊՊՀ-ը անմիջապես ստուգայց է իրականացրել նշված խանութների ցանց, որտեղ կատարված հսկիչ գնմամբ պարզվել է, որ 50 տոկոս զեղչը գործում է ապրանքների միայն մի մասի վրա: Հարուցված վարույթի շրջանակում Հանձնաժողովը կկատարի լրացուցիչ ուսումնասիրություն և կհրապարակի իր որոշումը:

Հայտնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը։