Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քահանաները դատապարտեցին մահափորձը

Պաշտոնական
84113490e97cf74439609cc2961c38e8

Փետրվարի 5-ին, Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը, որի քննարկման նյութն էր` «Թեմերում ծխական կյանքի և եկեղեցական կառույցների (ծխական խորհուրդ, տիկնանց միություն, երիտասարդաց միություն և այլն) կազմակերպումը և նրանց գործունեության կանոնակարգումը»: Քահանայից ժողովին մասնակցում էին Հայաստանի ու Արցախի թեմերի հոգևոր առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և թեմերի 169 հոգևոր սպասավորներ:

Առավոտյան Մայր Տաճարում շուրջ երկու հարյուր քսան եկեղեցականներ, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցեցին Ս. Պատարագի արարողության: Պատարագիչն էր Շիրակի թեմի Ամասիայի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանը:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում իր աշխատանքները սկսեց քահանայից ավանդական հավաքը:

Քննարկումների արդյունքում հավաքը հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սպասավորներս, գոհություն ենք հայտնում Երկնավորին, որ առիթ է ընձեռում մեզ Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին համախմբվելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ` նորոգելու մեր ծառայական ուխտը և զորանալու մեր կոչման ու հովվական առաքելության մեջ: Ս. Ղևոնդյանց քահանայից սխրանքն ամենքիս համար վկայություն է առ Աստված անբեկանելի հավատի, Հայրենիքի նկատմամբ սիրո ու հավատարմության, ժողովրդի հանդեպ անսահման նվիրումի ու պատասխանատվության:

Եկեղեցական առաքելության լիարժեք իրականացման գործում առանցքային նշանակություն ունի ծխական կյանքի պատշաճ կազմակերպումն ու կանոնակարգումը: Ծխական կառույցները` ծխական խորհուրդները, տիկնանց և երիտասարդաց միությունները, կիրակնօրյա դպրոցները, կոչված են բավարարելու հավատավոր մեր ժողովրդի հոգևոր կարիքները, աշխուժացնելու համայնքային կյանքը և նպաստելու համընդհանուր հոգևոր արթնությանը: Այս առիթով հորդորում ենք Հայ Եկեղեցու զավակներին իրենց գործուն մասնակցությամբ զորավիգ լինել Եկեղեցուն և հոգևոր սպասավորներին` ծխական կյանքի արդյունավետ կազմակերպման համար:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ազգային կյանքն ալեկոծած ցավալի իրողության` ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առիթով: Դատապարտում ենք հանցավոր այս արարքը, որն ուղղված է ինչպես անհատի, այնպես և մեր ողջ հասարակության դեմ: Կոչ ենք անում մեր ժողովրդին ապրելու սիրո ու միաբանության ոգով, մեր ազգի և Հայրենիքի շահերի գիտակցությամբ լինելու առավել համախումբ և միակամ:

Աղոթում ենք առ Տերն մեր Փրկիչ, որ բարեխոսությամբ Ս. Ղևոնդյանց քահանայից պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին, Հայրենիքն ու Եկեղեցին բարօրության, խաղաղության և պայծառության մեջ»:
Ժողովի ավարտին տեղի ունեցավ պարգևաբաշխություն: