170 000 դոլարանոց պետքարանը չի աշխատում (տեսանյութ)
Որեւէ մեկի մտքով դժվար թե անցնի, որ լուսանկարի այ տաղավարը պետքարան է: Այն 170 հազար դոլար արժե:
Կառավարության որոշմամբ այնցյալ տարի նման 2 զուգարան է ներկրվել Հայաստան: Դրանցից մեկը է տեղադրվել Սյունիքի մարզում՝ Տաթեւի ճոպանուղու մոտ, իսկ մյուսը` Երեւանում` Սբ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում:
Դրանց մասին այսօր տեղեկություն է տրամադրել Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ երկար փնտրելուց հետո միայն մեզ հաջողվեց գտնել թանկարժեք զուգարանը:
Պարզվում է`այն այս տարածքում տեղադրվել է անցյալ տարի` ամռանը, սակայն դեռ չի աշխատում՝ տեխնիկական թերություների պատճառով: Սարքը վերականգնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Այս տեղեկատվությունը տրամադրեց նկարահանումների պահին մեզ մոտեցած միջին տարիքի տղամարդը:
Նա հրաժարվեց խոսել տեսախցիկի առաջ եւ ներկայացավ որպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տնտեսվար: Նա նաեւ մեզ արգելեց նկարահանումներ կատարել, պատճառանելով, թե զուգարանը պատկանում է եկեղեցուն, հանրային չէ, իսկ նկարահանել կարելի միայն քահանաների թույլտվությունը ստանալուց հետո:
Իսկ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեզ դիմավորեց Տեր Դավիթ քահանա Սահակյանը և հաստատեց, որ զուգարանի տերն իսկապես եկեղեցին է: Նա դեմ չէր նկարահանումներին, սակայն նշեց, որ անհրաժեշտ է իրազեկել Մայր աթոռ սբ. Էջմիածնի լրատվական բաժնին:
Մայր Սուրբ Էջմիածնի մամուլի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ նկարահանումները կարող ենք շարունակել, քանի որ զուգարանը դեռ իրենց ենթակայության տակ չի գտնվում:
Թեեւ 170 հազար դոլար արժողությամբ այս բիոզուգարանից օգտվողները դեռ հայտնի չեն, սակայն նրանց համար արդեն գինը է սահմանված ` 200 դրամ: Ի դեպ, այն նախատսված է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար: