Ոստիկանության մայորը դատապարտվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող, ոստիկանության մայոր Արթուր Ղալումյանին դատապարտեց 3 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով:
Առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձ կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալի միջնորդությամբ դատաքննությունն անցկացվեց արագացված դատաքննության կարգով:
Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի դեկտեմբերի 5-ից ազատված լինելով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնից և գրանցված լինելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում՝ կաշառք տալու միջոցով կրկին պաշտոնի նշանակվելու համար Արթուր Ղալումյանը 2012 թվականի հունիսի 28- ին ծանոթացել է Արթուր Հակոբյանի և Արամ Մկրտչյանի հետ: Նրանք՝ նախնական համաձայնությամբ և ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մոլորության մեջ են գցել ամբաստանյալին և հավաստիացրել, թե ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Հայկարամ Ստեփանյանը 30.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարող է պաշտոնեական դիրքն օգտագործել և նպաստել ճանապարհային ոստիկանության վերոհիշյալ գումարտակում վաշտի հրամանատարի պաշտոնում նշանակվելու հարցում։ Համաձայնելով տալ պահանջվող կաշառքը, ըստ մեղադրանքի, Արթուր Ղալումյանը նույն օրը Արթուր Հակոբյանին անձամբ տվել է 25.000, իսկ հաջորդ օրը 5.000 ԱՄՆ դոլար՝ վերջինիս միջոցով ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Հայկարամ Ատեփանյանին որպես կաշառք տալու համար, սակայն Արթուր Հակոբյանը և Արամ Մկրտչյանը խաբեությամբ հափշտակել և տիրացել են առանձնապես խոշոր չափերի 12.558.900 դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլարին։
Իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտարարեց, որ իր էությանը չհամապատասխանող արարք է թույլ տվել իր սիրած աշխատանքին վերադառնալու համար՝ ինքն առանց աշխատանքի էր մնացել առանց պատճառի և անորոշ ժամանակով: Դատարանին նա խնդրեց կայացվելիք դատավճռով իրեն հնարավորություն տալ վերահաստատել իր նվիրվածությունը և հարգանքը ոստիկանության հանդեպ:
«Փաստինֆո»