Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դերասաններն աշխատում են, իսկ Կրկեսը դեռ չկա (տեսանյութ)

Հասարակություն
d5de288191cd0ed1004a7eca842a1a09


Կրկեսի նոր շենքն իր դռները կբացի երեխաների առաջ մեկ ու կես տարի հետո: Մինչ այդ դերասաններն ու ակրոբատները շարունակում են իրենց մարզումները ոչ այնքան լավ պայմաններում: Այսօր դերասաններն ու ակրոբատներն իրենց մարզումներն անցկացնում են Կրկեսից ոչ հեռու գտնվող «Նախկին առևտրի տանը»:

«Աշխատանքն ու մարզումները նույնիսկ մեկ օր չեն դադարեցվել»,- «Ա1+»-ին ասաց Երևանի Կրկեսի տնօրեն, գեղ.ղեկավար Սոս Պետրոսյանը:

Միաժամանակ կրկեսի գեղարվեստական ղեկավարը խոստովանում է` կան կրկեսային համարներ, որոնք այս պայմաններում բարդություններ են առաջացնում հատկապես ակրոբատների համար:

«Օրինակ` ինչպե՞ս այստեղ պարապեն օդային ժանրեր: Ճիշտ է` մենք մի փոքր անում ենք, որ ֆորմայից չընկնենք, բայց լիարժեք օդային ժանրն այստեղ կաղում է»,- ասաց Սոս Պետրոսյանը:

Հասմիկն օդային ակրոբատ է: Կրկեսի բացակայությունը նրան չի խանգարել ամիսներ առաջ մասնակցել Ուկրաինայում տեղի ունեցած միջացզագին մրցույթին և ստացել է հատուկ մրցանակ: Հաջողության գաղտնիքը մեկն է: «Ամեն անգամ օդ բարձրանալիս ես ինձ ուժեղ, հզոր եմ զգում»,- ասում է Հասմիկը:

Հասմիկը կրկեսում է 6 տարեկանից: Ասում է, որ առաջին բարդությանը հանդիպել է հենց առաջին ելույթի ժամանակ:

«Երբ առաջին անգամ դուրս եկա բեմ և արդեն սկսեցի համարս, բոլոր լույսերն անջատվեցին: Ես օդում էի, իսկ դահլիճում միայն ծափահարություններ էին լսվում: Ես մթության մեջ շարունակել եմ իմ համարը»,- պատմում է օդային ակրոբատը:

Այսօր նա միայն մեկ երազանք ունի: «Շատ ցանկանում եմ «Դյու Սոլեյ» կրկեսում աշխատել»,- ասաց Հասմիկը:

Մինչ դերասանները անընդմեջ փորձեր են անում և տարբեր համարներ բեմադրում Հայաստանի տարբեր մարզերում, Կրկեսի կենդանիները հյուրախաղերի մեջ են Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում, Լիոնում և այլ քաղաքներում: «Մենք նրանց կկանչենք այն ժամանակ, երբ Կրկեսը պատրաստ կլինի»,- ասաց Սոս Պետրոսյանը:

Մոտ 2 ամիս առաջ սատկեց կրկեսի ձիերից մեկը, որը պահվում էր ձիարշավարաններից մեկում: Սա այն եզակի կենդանիներից մեկն էր, որը չէր մեկնել հյուրախաղերի: Ասում են ձին սատկել է սիբիրախտից, սակայն կրկեսում հստակ ոչինչ չգիտեն: «Մենք սպասում ենք լաբորատորիայի արդյունքներին: Մեզ էլ շատ հետաքրքիր է, թե ինչից է սատկել ձին»ասաց Կրկեսի տնօրենը:

Հյուրախաղերի են նաև Կրկեսի փորձառու դերասանները: Բոլոր դերասաններն, ակրոբատներն ու կենդանիներն անհամբերությամբ սպասում են նոր Կրկեսի բացմանը: Հենց այնտեղ էլ 2015 թ. մեծ շուքով կնշվի Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակը: Այդ ժամանակ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային մրցույթ, որը կկրի մեծ ծաղրածուի անունը: