Ոստիկանապետը հրահանգներ է տվել (տեսանյութ)
Փետրվարի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն պահպանելու, օրինախախտումները և հակահասարակական այլևայլ դրսևորումները բացառելու համար:
Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուներին հրահանգեց շարունակել անձնակազմերի հետ տարվող աշխատանքը, շտկել ի հայտ բերված թերացումները, հասնել պատրաստականության այնպիսի աստիճանի, երբ յուրաքանչյուր ոստիկան անձնական պատասխանատվություն կդրսևորի գործառույթների իրականացման համար:
Քննարկվեցին ոստիկանության ստորաբաժանումների խնդիրները ընտրությունների նախապատրաստման փուլում, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվեց համապատասխան հանձնարարականներ:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։