Սերժ Սարգսյանը իրեն նմանեցրեց կանթեղի հետ (տեսանյութ)
Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր իր ելույթում հայտարարեց, որ գալիք տարիները ՀՀ-ի համար ճակատագրական են լինելու՝ բախտորոշ որոշումներ ընդունելու աշխատանքի, հարկերի ու պարտքերի, կրթության, պատերազմի ու խաղաղության մասին. «Որոշումներ, որոնք մեծապես կանխորոշելու են, թե ինչպիսի կյանքով ենք ապրելու մենք ու մեր զավակները գալիք տարիներին»:
Նա նաեւ նշեց, որ հավաքվածների ընտրությունը պարզապես անձերի կամ կուսակցությունների ընտրություն չէ. «Տարբեր թեկնածուներ ապագայի մասին միանգամայն տարբեր պատկերացումների մասին է խոսում: Մեր պատկերացումն է՝ համառ աշխատանքն ու հետեւողական պայքարը մեր արժեքների պահպանման համար»:
Այնուհետեւ, նա մանրամասնորեն անդրադարձավ իր մրցակից թեկնածուների քարոզարշավին՝ նշելով. «Մեր ուղին չընդունող մեր հայրենակիցները գունազարդում են ՀՀ-ում առկա թերությունները, սակայն չեն ասում, թե ինչպես են պատրաստվում վերացնել դրանք:
Նրանք ձեր ձայնն են ուզում, սակայն հասանելի ձեւով չեն կարողանում ներկայացնել, քանի որ նոր ասելիք ու անելիք չունեն, այլ կրկին ու կրկին մեզ խաբում են անիրականալի խոստումներով ու տարաբնույթ մեկնաբանություններով՝ երբեմն հուզական ձեւերով: Ձեր քվեով բացատրեք նրանց, որ ձեզ խաբել այլեւս հնարավոր չէ. մենք այն չենք, ինչ քսան տարի առաջ էինք, մենք վստահում ենք միայն գործերին»:
Սերժ Սարգսյանը նաեւ վստահեցրեց, որ պատրաստ է աշխատել նրանց հետ, որոնք պատրաստ են աշխատել իրենց հետ. «Ես խոստանում եմ ձեզ՝ ոչ մի լավ մասնագետ չպետք է լքի ՀՀ-ն: Ես տեսնում եմ ձեզ ձեր երազանքների ապագայում»: Իսկ ապա դիմելով հավաքվածներին՝ նա ասաց. «Ձեր ձայնն այժմ ավելի կարեւոր է, քան երբեւէ: Իմ հույսը դուք եք, իմ բոլոր հոգսերը ձեր մասին են, իմ պայքարը հանուն ձեզ համար է: Կան բաներ, որոնք ես միշտ մերժել եմ, կան բաներ, որոնք անձեռնմխելի են ու հանուն որոնց ես պայքարել եմ: Եթե որոշ համագործակցություններ վտանգելու են, օրինակ, ԼՂՀ անվտանգությունը, ապա ես այն մերժում եմ արմատից: Այս պայքարում ես չեմ նահանջելու: Խնդրում եմ ձեզ հավատալ ու վստահել, խնդրում եմ ձեզ հավատալ ձեր զորությանը: Ես կատարել եմ իմ ընտրությունը»:
Իր 45 րոպեանոց ելույթը նա եզրափակեց հետեւյալ խոսքերով. «Ուզում եմ, որ իմանաք՝ ձեզ առաջնորդելը մեծագույն պատիվ ու երջանկություն է: Ամենամեծ երջանկությունը, որ կարող էի երազել իմ պատանեկության տարիներին: Ուզում եմ, որ իմանաք՝ ոչ ոք չի ծնվում առաջնորդ:
Առաջնորդին ծնում է ձեր վստահությունը: Առաջնորդի ուժը մարդկանց արհամարհելու ունակությամբ չի չափվում: Առաջնորդի ճշմարտությունն իր կարծիքից տարբերվող կարծիք արտահայտողներին տրորելով չի արտահայտվում: Առաջնորդի հետևողականությունը մտրակի հարված չէ, այլ գնացքի երկարատև ու անկասելի երթ:
Առաջնորդի կամքը իր ժողովրդին այրող բոց չէ, այլ իրեն վստահողների ուղին լուսավորող կանթեղ:
Հաճախ` աշխարհի մութ օրերում: Երբեմն քեզ հոշոտելու պատրաստ հարևանի հետ կողք կողքի: Առաջնորդի կոչն ամրանում է յուրաքանչյուրիդ ձայնի հնչյուններով: Ձեր ձայնին ականջալուր: Հայաստանի արմատները ամրանում են յուրաքանչյուր տաղանդի՝ արևի տակ փայլելու հնարավորություն ստեղծելու շնորհիվ: Այն ըմբռնման շնորհիվ, որ այստեղ, մեր Հայաստանում ամենազորավորներից անգամ զորեղ ենք, երբ միասին ենք: Մեջք՝ մեջքի»:
Սերժ Սարգսյանի ելույթի ավարտին գունազարդ թերթւկներ բաց թողեցին, որոնց ներքո նա պատգամավորների ու նախարարների ուղեկցությամբ լքեց դահլիճը, որից հետո սկսվեց համերգային ծրագիրն, որին մասնակցեցին հայկական էստրադայի աստղերը: