Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետընտրական «բարեկարգում»-ծառահատումներ (տեսանյութ)

Հասարակություն
c5ad9e71a5d6df5ca6d6eaa4470fc08c

Հայտարարություն

Նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո մայրաքաղաքի կանաչ տարածքներում բուռն թափով վերսկսվել են բարբարոսական գործողություններ, որոնք «բարեկարգում» որակելը մեղմ ասած տգիտության և հետամնացության նշան է։
 
Այսօր Մալաթիայի եկեղեցու հարևանությամբ կրկին ապօրինի ծառահատում էր։ Քաղաքացիները մոտենալով՝ փորձեցին պարզել, թե ով է թույլ տվել նման գործողություն հանրային կանաչ տարածքում, պահանջեցին ցույց տալ թույլտվությանը, սակայն պարզվեց, որ աշխատողների խումբը ծառահատումն արտոնող որևէ փաստաթուղթ չուներ:
 
«Չթողեցինք, որ շարունակեն կտրելը, ոստիկանություն կանչեցինք: Հետո տեսանք, որ մի 20 ծառ կտրել են ու դրա անունն է բարեկարգում: Մինչ ոստիկանության գալը բոլոր կտրած ծառերի հետքերը ուզում էին վերացնել, ծածկում էին հողով ու տերևներով, նկարներում պարզ երևում է: Ոստիկանությունը եկավ, նրանց էլ փաստաթուղթ ցույց չտվեցին, բոլորով գնացինք Մալաթիայի ոստիկանական բաժանմունք ու գործ հարուցվեց», նշեց քաղաքացի Անի Խաչատրյանը, ով սեփական ջանքերով է կանխել ծառահատումը, ինչպես նաև հանցագործության մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին: Քաղաքացու նկարահանած տեսանյութը ներկայացնում ենք ստորև։
 
Մենք կրնկակոխ հետևելու ենք այդ ապօրինությունը հեղինակած վանդալիստներին, ովքեր իրենց իրավունք են վերապահել վերացնելու հանրային օգտագործման կանաչ տարածքը, հետամուտ ենք լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն և օրենքի ողջ խստությամբ պատժվեն թե’ նրանք և թե’ նրանց ապօրինի գործողություններն արտոնող չինովնիկները։
 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն