Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 668 եկեղեցական ունի
Փետրվարի 19-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին` իրենց օգտակար ծառայության համար:
Երուսաղեմի պատրիարքության ընթացիկ գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը` մասնավորաբար անդրադառնալով Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը և տեղեկացնելով, որ նորընտիր պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ընտրության վավերացման դիմումներն արդեն իսկ ուղարկվել են Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի իշխանություններին և մոտ ժամանակներս սպասվում է նրանց վավերացումը:
Կ.Պոլսի Հայոց պատրիարքության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Կ. Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Փոխանորդ Սրբազանը նշեց, որ Կ.Պոլսի պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և նա գտնվում է բժիշկների մշտական խնամքի ներքո:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2012 թ. գործունեության մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով անցնող տարում Մայր Աթոռի կողմից ներեկեղեցական և միջեկեղեցական ասպարեզներում իրագործված ծրագրերին, Սուրբ Էջմիածնի քարոզչական, կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը:
Տեղեկացվեց, որ 2012 թ. հրապարակվել են հայրապետական 57 կոնդակներ, ձեռնադրվել են 9 քահանաներ` 2 կուսակրոն և 7 ամուսնացյալ, ինչպես նաև 35 սարկավագներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 668 է, որոնցից` 56-ը եպիսկոպոս, 33-ը` վարդապետ և ծայրագույն վարդապետ, 61-ը` աբեղա, 423-ը քահանա, 95-ը` սարկավագ, ովքեր ծառայում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում: Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում ուսանողների թիվը 220 է:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` մաղթելով անսասանություն և պայծառություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:
Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց նաև եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հետ առնչված հարցեր:
Վերահաստատվեց ժողովն առաջիկա սեպտեմբերին Մայր Աթոռում գումարելու որոշումը և քննության առնվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ, Կանոնական հանձնախմբի համաատենապետ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Տավուշի թեմի առաջնորդ, Սրբադասման հանձնախմբի համաատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Մայր Աթոռի դիվանապետ և Ծիսական հանձնախմբի համաատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցները` առնչված եպիսկոպոսաց ժողովի օրակարգային նյութերին: