Հարձակում Սեւանի վրա
Շորժա եւ Արդանիշ գյուղերում փետրվարի 22-ին 2 ժամ ընդմիջումով՝ ժամը 10:00-ին եւ 12:00-ին, տեղի կունենան երկու նախագծերի հասարակական լսումներ:
Շորժա գյուղում «Գեգամետ պլյուս» ընկերությունը ներկայացնում է Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագիծը: Իսկ Արդանիշ գյուղում «Միկա-ցեմենտ» ընկերությունը ներկայացնում է մերգելային կրաքարերի հանքավայրի շահագործման նախագիծը, որը ցեմենտի պատրաստման գլխավոր կոմպոնենտն է:
Շորժայի հանքավայրը պարունակում է քրոմիտ եւ շահագործվում է Սեւանի ափից 2-3 կմ հեռավորության վրա: Քամին մանրացված քրոմիտնրի փոշին տանում է ուղիղ լիճ: Ժամանակին Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը մերժեց «Գեգամետ պլյուս» ընկերությանը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի հիման վրա:
Այդ հոդվածով Սեւանի ավազանում վերամշակող արտադրություններն արգելված են: Բայց հետո հանձնաժողովը վերանայեց իր որոշումը: Եւ արդեն մի քանի տարի է, ինչ վերամշակող գործարանը ափի մոտ է:
Ինչ վերաբերում է «Միկա-ցեմենտ» ընկերությանը, ապա ցեմենտային հումքի արդյունահանման արդյունքում Արդանիշի թերակղզուց ոչինչ չի մնա: Խախտված են «Սեւան» ազգային պարկ հատուկ պահպանվող տարածքի եւ նրա արգելոցային գոտու՝ Արդանիշի պահպանման ռեժիմի բոլոր նորմաները: Ոչնչացվել են Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ մասնավորապես բեզոարյան այծի տեղափոխվելու միջանցքները: Սակայն ընկերությունը շարունակում է իր աշխատանքը, իսկ Բնապահպանության նախարարությունը չի մերժում նրա նախագծերը:
«Էկոլուր»