Օքսֆամի թիրախում՝ Նեսթլե, Մոնդելեզ և Մարս
Սնունդ և խմիչք արտադրող տասը ամենամեծ ընկերությունները չեն արդարացնում իրենց համար միլիոնավոր հումք աճեցնող մարդկանց սպասելիքները ։
Օքսֆամի նոր քարոզարշավը գնահատում է սնունդ և խմիչք արտադրող ընկերությունների կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունները։
Խաթարված սննդի համակարգի վերականգնմանն ուղղված Օքսֆամի «GROW» քարոզարշավի մաս կազմող «Ինչ է թաքնված ապրանքանիշերի հետևում» նախաձեռնությունը առաջին անգամ վերլուծում և գնահատում է այն գյուղատնտեսական քաղաքականությունները, հանրային պարտավորությունները և մատակարարման շղթայի վերահսկման համակարգը, որ իրականացվում են Ասոշիեյթիդ Բրիթիշ Ֆուդս (Associated British Foods / ABF/), Կոկա Կոլա (Coca Cola), Դանոն (Danon), Ջեներալ Միլզ (General Mills), Քելոգզ (Kellogg's), Մարս (Mars), Մոնդելեզ (Mondelez), Նեսթլե (Nestle), Պեպսիկո (Pepsico) և Յունիլեվեր (Unilever) ընկերությունների կողմից:
Ամենավատ ցուցանիշները ստացվել են ABF-ի (19%), Քելոգզի (23%) և Ջեներալ Միլզի (23%) համապատասխան քաղաքականությունների գնահատման արդյունքում: Դրանք ավելի թույլ են, քան ասենք Կոկա Կոլա (41%), Յունիլեվեր (49%) և Նեսթլե (54%) ընկերությունների կողմից կիրառվող քաղաքականությունները:
«Ինչ է թաքնված ապրանքանիշերի հետևում» քարոզարշավը բացահայտում է, որ
• Տասը ընկերություններից և ոչ մեկը չի հանձնառել վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունը իրենց մատակարարման շղթայում, մինչդեռ այդ «Մեծ Տասնյակից» ոմանք ստանձնել էին կանանց իրավունքների պաշտպանության հանրային պարտավորություն:
• Այդ ընկերություններից ոչ մեկը չունի հողի և ջրի զավթումից տեղական համայնքների պաշտպանության համարժեք ռազմավարություն, չնայած նրանք բոլորն էլ օգտագործում են հողային իրավունքների կոպիտ խախտումներով աճեցվող հումք, ինչպիսիք են արմավենու յուղը,սոյան և շաքարը: Ոչ մի ընկերություն իր մատակարարման շղթայում հողի զավթման դեմ պատժամիջոցներ չի կիրառում:
• Բոլոր տասը ընկերություններն էլ հույժ գաղտնի են պահում իրենց գյուղատնտեսական մատակարարման շղթաների մասին տեղեկությունները, որի հետևանքով էլ դժվար է հավաստի համարել այդ ընկերությունների պնդումները «կայունության» և «սոցիալական պատասխանատվության» մասին: Ամենաշատ տեղեկատվությունը հումքի աղբյուր երկրների մասին տրամադրում ենՆեսթլեն և Յունիլեվերը, սակայն ոչ մի ընկերություն չի հրապարակում բավարար տեղեկատվություն իր մատակարարների մասին:
• Ընդհանուր առմամբ ընկերությունները մեծացնում են ջրային ռեսուրսների սպառման արդյունավետությունը, սակայն նրանց մեծ մասը չի մշակել քաղաքականություն տեղական ջրային ռեսուրսների վրա իրենց ազդեցության նվազեցման ուղղությամբ: Միայն Պեպսին ջուրը հանրայնորեն ճանաչեց որպես մարդկային իրավունք և ստանձնեց պարտավորություն տեղական համայնքներին խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ: Նեսթլեն իր մատակարարների համար մշակել է ջրային ռեսուրսների կառավարման ուղեցույց և ջրային քաղաքականությունների առումով գրավել է առաջին տեղը:
• Բոլոր տասը ընկերությունները ձեռնարկել են քայլեր ուղղակի արտանետումների նվազեցման ուղղությամբ, սակայն իրենց արտադրանքին առնչվող գյուղատնտեսական արտանետումների մասին հանրային հաշվետվություն են ներկայացնում նրանցից ընդամենը հինգը ՝ Մոնդելեզը, Դանոնը, Յունիլեվերը, Կոկա Կոլան և Մարսը: Միայն Յունիլեվեր ընկերությունն է պարտավորվել մինչև 2020 թվականը կիսով չափ կրճատել ջերմոցային գազի արտանետումները: Այդ տասնյակից ոչ մեկը չի մշակել ռազմավարություն աջակցելու իրենց մատակարարման շղթաներում ներգրաված ֆերմերներին, որպեսզի վերջիններս կլիմայի փոփոխությունների հանդեպ դառնան առավել դիմակայուն:
• Այս ընկերություններից ոչ մեկը չի ստանձնել հանրային պարտավորություն վճարելու ֆերմերներին մրցակցային գին կամ նրանց հետ աշխատելու ազնիվ գործարար հիմունքներով բոլոր գյուղատնտեսական գործարքներում: Միայն Յունիլեվեր ընկերությունը, որը փոքր ֆերմերների հետ գործարքների անվանակարգում առաջին տեղն է գրավել, ունի ֆերմերներին առանցքային խնդիրների լուծման գործում աջակցող մասնագիտացված մատակարարման ուղեցույց:
Աշխարհի քաղցած մարդկանց ութսուն տոկոսը աշխատում է սննդի արտադրության մեջ, իսկ այս ընկերությունների համար զարգացող երկրներում հումք են աճեցնում միլիոնավոր մարդիկ:
«Ինչ է թաքնված ապրանքանիշերի հետևում» քարոզարշավը կմեկնարկի ավելի քան 12 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ, Մեքսիկա, Չինաստան, Բրազիլիա և եվրոպական մի շարք երկրներ:
Քարոզարշավի առաջին հանրային միջոցառման թիրախը կլինեն Նեսթլե, Մոնդելեզ և Մարս ընկերությունները, որոնք չեն ձեռնարկել միջոցներ ստեղծելու հավասար պայմաններ իրենց շոկոլադե ապրանքների հումք հանդիսացող կակաո աճեցնող կանանց համար:
Այսօր Օքսֆամը նաև հրապարակում է կակաո աճեցնող կանանց հանդեպ կիրառվող անհավասար պայմանների մասին սկզբնաղբյուրից վերցված վերլուծություն-սեղմագիր: Օքսֆամը հորդորում է այդ երեք ընկերություններին գործադրելու լրացուցիչ ջանքեր ցույց տալու, թե ինչպես են կանանց վերաբերվում իրենց մատակարարման շղթաներում և հավաքագրելու ավելի շատ տեղեկություններ այդ մասին, ստեղծելու այդ շղթաներում կանանց անհավասարությունը նվազեցնելու գործողությունների ծրագիր և իրականացնելու շահերի պաշտպանություն, որպեսզի ազդեն այլ հզոր դերակատարների վրա նույնպիսի գործելակերպ որդեգրելու ուղղորդմամբ: