90-ամյա պապիկը ակցիա էր անում
90 -ամյա Վարազդատ պապն Կենցաղային քիմիայի գործարանում աշխատել է 40 տարի: Նա այսօր անձամբ եկել էր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` հույս ունենալով, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կկանխի, իր բառերով, գործարանում տեղի ունեցող կոռուպցիոն երեւույթները եւ կմիջամտի, որ փոքր բաժնետերերը ստանան իրենց 17 տարիների գումարը;
«Քիմիայի մեջ աշխատել եմ 40 տարի եւ այսօր գործարանի տնօրինությունը չի կարողանում որեւէ գումար տալ իմ գոյությունը պաշտպանելու համար»,- նշում է 90-ամյա Վարազդատ Գաբրիելյանը։
Այսօր նրա հետ էին գործարանի եւս երկու աշխատակիցներ։ Կենցաղային քիմիայի գործարանի 30 տարվա աշխատող Ռեմյուր Աղաջանյանը նշում է, որ տարիներ շարունակ լռել են՝ հույս ունենալով, որ ուշ թե շուտ գործարանի տնօրինությունը նրանց գումարները կվերադարձնի։ «Մտածել ենք գումար կաշխատեն, կկշտանան, հետո մեր գումարը կտան, բայց չեն կշտանում»,- նշեց Ռեմյուր Աղաջանյանը։
Նա պատրաստվում է հարցը լուծել դատական կարգով։
Աշխատակիցների խոսքերով՝ իրենց երբեւէ չեն հրավիրել բաժնետերերի ժողովի։
Գործարանի 13 փոքր բաժնետերեր նամակ են հղել Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։
Սակայն հարցը որեւէ լուծում չի ստացել։
«17 տարվա ընթացքում պարտքը 20-30 մլն դրամի չափ է կազմում, իսկ գլխավոր դատախազությունը շրջանցում է այդպիսի հարցերը»,- եզրափակեց Սաշա Բաղոյանը։