Հատուկ նամակ դեսպաններին (տեսանյութ)
Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի դեսպանատների մոտ բողոքում էին, որ այդ երկրների ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին։
«Իրենց ժողովրդավար կոչած պետությունները շատ լավ իմանալով, թե ինչ ծավալով ընտրակեղծիքներ են տեղի ունեցել ընտրություններին, օրհնում են ռեժիմին ու լեգիտիմացնում են բռնապետությունը մեր երկրում»,- ասաց ակցիայի մասնակիցներից Արթուր Գրիգորյանը։
Դեսպանատների շենքերը պահպանող ոստիկանների թիվը գերազանցում էր ակցիայի մասնակիցների թվին։ Ոստիկանները , փակելով դեսպանատների մայթը, հավաստիացնում էին, որ իրենք փորձում են թույլ չտալ, որ ակցիայի մասնակիցները խանգարեն անցորդների տեղաշարժը։
« Ոստիկանները խախտել են մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը, այնինչ մենք բացարձակ միտք չենք ունեցել փակել մուտքը , մենք ուղղակի մեկ գծով պետք է կանգնեինք՝ ցույց տալու, որ բոլոր երկրները շնորհավորում են կեղծ նախագահին»,- նշեց ակցիայի մասնակից Զառա Հովհաննիսյանը։
Բողոքող քաղաքացիներից Վահագն Մինասյանին և Կարեն Հարությունյանին ոստիկաններից մի քանիսը թույլ չեն տվել միանալ ակցիայի մասնակիցներին։
«Պլակատս վերցրեցին ու հայհոյեցին, հետո էլ հեգնանքով ասացին, դու պլակատ չես ունեցել, ասում եմ վերադարձրեք իմ պլակատը, ասում են՝ դու պլակատով չես եկել այստեղ»,- ասաց Վահագն Մինասյանը։
Ի տարբերություն Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ ոչ ոք չդիմավորեց ակցիայի մասնակիցներին, Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչը վերցրեց ցուցարանների նամակը։ Իտալիայի դեսպանատան մոտ ցուցարաներին հաջողվեց նախքան ոստիկանների գալը մոտենալ ճաղավանդակներին
Ոստիկանների թիվը մեծացավ,երբ ցուցարաները հասան Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Սակայն ակտիվիստներին հաջողվեց հանձնել են նամակը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով այն, որ երբ քաղաքացիները չեն վստահում ընտրությունների արդյունքներին, շնորհավորում են նախագահի վերընտրումը, դա ոչ դիվանագիտական քայլ է. «Որովհետև դիվանագիտության մեջ մտնում է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև Ժողովուրդը» ։
Նամակը
Մենք խորապես հիասթափված ենք նախագահական ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանին Ձեր երկրի նախագահի հղած շնորհավորանքում տեղ գտած գնահատականներով: Մեր կարծիքով նման գնահատականներ կարող էին ի հայտ գալ երկու դեպքում. կամ Ձեր պետության ղեկավարը չի տիրապետում Հայաստանում նախագահական ընտրություններում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների, ընտրողների ահաբեկման և կաշառման մասին տեղեկություններին, կամ նա սատարում է քրեաօլիգարխիայի կողմից Հայաստանի իշխանությունների ուզուրպացմանը:
Մեզ նաև զարմացնում է, որ Ձեր երկրի լրատվամիջոցները չեն լուսաբանում քրեաօլիգարխիկ համակարգի դեմ մղվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պայքարը: Մենք Ձեր ժողովրդին տեղեկացնում ենք, որ երբեք չենք համաձայնվի մի քանի հոգու կողմից Հայաստանում պետական համակարգի յուրացման հետ և շարունակելու ենք ժողովրդավարության հաստատմանն ուղղված մեր պայքարը: Մենք վճռական ենք մեր գործողություններում և հայտարարել ենք քաղաքացիական անհնազանդության մասին: Մենք չենք հնազանդվելու չընտրված նախագահի հրամանագրերին, այդ թվում` նրա ստորագրած միջազգային համաձայնագրերին:
Մենք ցանկանում ենք Ձեր երկրի կողմից տեսնել ժողովրդավարական արժեքների այնպիսի դրսևորում, որը հարիր է դրանք հռչակած եվրոպական երկրին: Դուք իրավունք չունեք ձեր գործողություններով կամ անգործությամբ արժեզրկել Հայաստանի ժողովրդի մոտ ձևավորված այն բարոյական կապիտալը, որը ձևավորել են Եվրոպայի ժողովուրդները տարիների ընթացքում: Նման քաղաքականությունը կհանգեցնի մեր կողմից վստահության կորուստին և Եվրոպայի ու Հայաստանի միջև անջրպետի ստեղծմանը:
ՀՀ քաղաքացիներ
Երևան, փետրվարի 26, 2013 թ.