Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասադուլավորները հասան բժշկական համալսարան (տեսանյութ)

Հասարակություն
a1fc312179721fdefda69aac072737d6

Այսօր ԵՊՀ մի խումբ ուսանողներ կրկին դասադուլ էին անում` հայտարարելով, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրություններն անօրինական են եւ արդյունքները կեղծված են:

Ուսանողներին են միացել նաեւ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ։

ԵՊՀ բակում էին նաեւ երիատասարդ դասախոսներ ու այն ուսանողները, որոնք դեմ են դասադուլին:

Փոքրիկ լեզվակռիվ տեղի ունեցավ ԵՊՀ դասախոս, ՀՀԿ անդամ Գեւորգ Մելքոնյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի միջեւ:

Գեւորգ Մելքոնյանը համոզված է, որ սա ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական ակցիա է` կուսակցական ուղղորդմամբ, իսկ թե որ կուսակցությունն է ուղղորդել, նա չմանրամասնեց:

Նա Ռուզաննա Գրիգորյանից պահանջում էր հեռանալ ԵՊՀ բակից, իսկ վերջինս հակադարձելով նրան` ասաց, որ սա իր սահմանադրական իրավունքն է եւ կարող է ակցիա անել այնտեղ, որտեղ ուզում է:

Այս պահին ուսանողներն ու քաղաքացիական ակտիվիստները շարժվում են ԵՊԲՀ` ոստիկանների ուղեկցությամբ:

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ԵՊՀ-ի դռները բաց են, դրանք չեն փակվել, ուսանողներին որեւէ բան չեն պարտադրվել ու այն ուսանողները, որոնք ցանկանում են դասադուլ անել, կարող են ազատ դուրս գալ բուհի շենքից:

Բժշկական համալսարանի մոտ մի խումբ տղաներ, նաեւ ուսխորհրդի անդամներ ակցիայի մասնակիցներին հորդորեցին հեռանալ իրենց բուհի մոտից, քանի որ խանգարում են այդպիսով նրանք իրենց դասերը:
Ըստ ԵՊԲՀ ուսանողների` արդեն 3-րդ օրն է` դասադուլ անող ուսանողների խումբը թույլ չի տալիս իրենց նորմալ դասապրոցես անցկացնել:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԵՊՀ պատմական ֆակուլտետի սեւ մասնաշենք: Այստեղ նրանց էին սպասում ոստիկանները` շղթա կազմած, որոնք չթողեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց հորդորեց մայթից ետ կանգնել` չխանգարելու քաղաքացիների տեղաշարժը:

Այստեղից ակցիայի մասնակիցներն առանց վանկարկումների շարժվեցին դեպի Ագրարային պետական համալսարան: