«Ասացին՝ շորերդ հագի ու դավայ, տունը մերն է» (տեսանյութ)
Սերգեյ Նավասարդովը Ադրբեջանից Հայաստան բերել է միայն իր անձնագիրը։ Նա Ադրբեջանի մայրաքաղաքում թողել է իր երկհարկանի տունն ու ունեցվածքը։ «Ամեն ինչ մնաց` գունավոր հեռուստացույցը, Զիլ սառնարանը, մեծ կարպետը, նույնիսկ վարորդական իրավունքս մնաս գրասեղանի սեղանին»,- պատմում է 81-ամյա Սերգեյ պապը։
Ծերունին շատ լավ է հիշում, թե Ադրբեջանում ինչպես սկսվեցին բռնությունները հայերի հանդեպ` Հեյդար Ալիևը սկզբում փակեց հայկական դպրոցները, հետո սկսվեցին ջարդերը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում: «Բաքվի կենտրոնում բոլորը հայեր էին ապրում, դրա համար Ալիևն ասաց` դավայ, սաղ հայերին հանեք, որ թուրքերն ապրեն էստեղ»,- հիշում է Սերգեյ Նավասարդովը:
Սերգեյ պապն ադրբեջանցիներին անվանում է թուրքեր: Ասում է, որ նրանք հայերի վրա միայնակ չէին հարձակվում: Հավաքվում էին ամենաքիչը 6-7 հոգով ու սկսում էին ծեծել կամ սպանել հայերին։ Իր առանձնատուն էլ էին եկել խմբով։
«30 հոգի թուրքերը մտանտուն: Ասացն` դավա´յ ախպեր, շորերդ հագի, ու դավայ, տունը մերն է»,- մտաբերում է 81-ամյա Սերգեյ պապը:
Ծերունու ավագ քույրը, տիկին Եվգենյան, ով Բաքվից ամուսնու հետ Հայաստան է տեղափոխվել դեռևս 50-ական թվականներին, սարսափով է հիշում, թե ջարդերի օրերին ինչպես դիմավորեց եղբորը: «Գնացքն ամբողջովին ջախջախված էր, մարդիկ բոլորը կապտուկներով էին: Մեկ էլ տեսա Սերգեյին»,- պատմում է տիկին Եվգենյան:
Հայաստանում Սերգեյ Նավասարդովը չկարողացավ վերականգնել Բաքվի իր ունեցվածքի նույնիսկ մի մասը: Քույր ու եղբայր այսօր ապրում են անօթևանների կացարանում: Սերգեյ պապն ասում է` իրեն այստեղ այնքան են հարգում և սիրում, որ թույլ չեն տալիս տեղափոխվել ծերերի տուն-ինտերնատ: Տիկին Եվգենյան էլ արդեն տաս տարի պայքարում է վերադարձնելու համար բնակարանը, որը կորցրել է ընտանեկան վեճի արդյունքում։ Ասում է` եթե հաջողվի վերադարձնել` եղբորն իր հետ կտանի տուն: