Շաբաթօրյակ՝ մարտի 23-ին և 24-ին
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների նկատմամբ:
Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաև բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը հնարավորին պարզեցնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է մշակել փաստաթղթային ձևակերպումների նոր պազեցված ընթացակարգ և ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` շինարարության թույլտվություններ չպահանջող աշխատանքների ցանկն ընդլայնելու համար:
Մայրաքաղաքում գործող զվարճանքի օբյեկտները բազմաբնակարան բնակելի շենքերից որոշակի հեռավորության վրա շահագործելու հետ կապված` իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պատրաստվել է օրենսդրական նախագծերի փաթեթ:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ մարտի 1-ից միկրոավտոբուսային երեք երթուղիներ փոխարինվել են ներկրված 36 ավտոբուսներով: Մասնավոր ընկերությունների կողմից ներկրվել է ևս 80 նոր ավտոբուս, որոնք առաջիկայում կշահագործվեն համապատասխան երթուղիներում:
Առավոտյան և երեկոյան ժամերին քաղաքացիների համար ավելորդ անհարմարություններ չստեղծելու և պատշաճ սպասարկում իրականացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել հասարակական տրանսպորտի երթուղիներում առկա մեքենաքանակը և անհրաժեշտության դեպքում լրացնել այն:
Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ Լենինգրադյան փողոցի հանգույցում մեկնարկել են թունելային հատվածի, Իսակովի պողոտայում էլ` ուղեանցի կառուցման աշխատանքները:
Մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման աշխատանքները, առաջիկայում կկատարվեն նաև փոսանորոգումներ: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ուսումնասիրվել է 2012 թվականի շինարարության ծրագրով կապիտալ ասֆալտապատման աշխատանքների որակը: Պայմանավորվածության է ձեռք բերվել շինարարների կողմից տեղ գտած թերությունները հնարավորին սեղմ ժամկետում վերացնելու համար:
Քաղաքապետի հանձնարարությամբ մարտի 23-ը և 24-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին և համատիրություններին։ Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շաբաթօրյակի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն