Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շներին վաճառում է կեր գնելու համար

Հասարակություն
d7930d31210ae5a032720165266f24c3

Հայաստանում կենդանիների առք ու վաճառքն օրենսդրությամբ չի կարգավորվում: Իսկ այն որ դա դարձել է ոմանց համար ապրուստի միջոց` անհերքելի փաստ է: Շաբաթ և կիրակի օրերին Վերնիսաժում վաճառվող շներն ու կատուները չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց:

Վաճառողներն էլ իրենց հերթին դժգոհում են` վերջին շրջանում վաճառքը քչացել է:

Ռուզաննա Դիլոյանը արդեն չի հիշում թե քանի տարի է զբաղվում շների վաճառքով: Բնակարանային պայմաններում 4 տարբեր ցեղատեսակի շներ է խնամում։ Շուկա է բերում միայն ձագերին եւ վաճառում է սիմվոլիկ գներով՝ մյուսներին կեր գնելու համար.« Հիմա չեն գնում շատ ժամանակ նվիրում եմ,հենց հիմա շներ ունեմ ձագուկներ,որ նվիրում եմ»:

Վերնիսաժում շան ձագերի գինը ցեղատեսակով պայմանավորված տատանվում է 10 հազար դրամից մինչև 5 հազար դոլարի սահմաններում։

Քրիստինե Ասլանյանը վաճառում է և կատուներ, և շներ։ Սա նրա համար ապրուստը հոգալու միակ միջոցն է։ Ցավում է , որ շատերը շուն գնելիս` նրանց խնամելու համար չունեն համապատասխան գիտելիքներ: Իսկ գնորդները շուն ցանկանում են ձեռք բերել հիմնականում երեխաների խնդրանքով:

Հայաստանում շների առքուվաճառաքով մտահոգված է նաեւ «Փրկենք շներին» հասարակական բարեգործական կազմակերպությունը: Այս պահին ընկերությունում ապաստան են գտել 240 շուն:

Ընկերությունը պարբերաբար այցելում է նաեւ Վերնիսաժ: Կազմակերպության տնօրեն Նունե Մեհրաբյանը գտնում է,որ այստեղ իրականացվող առևտուրը պատշաճ մակարդակով չի իրականացվում.« Չեմ տեսել էնտեղ նորմալ առողջ շների,քանի որ շատ շուտ կաթից կտրում են ձագուկներին, որպեսզի միանգամից բիզնեսի դիմեն »:

Նունե Մեհրաբյանին չի բավարարում նաև թափառող շների նկատմամբ քաղաքապետարանի աշխատանքը.« Չկա ոչ մի օրինական դաշտ: Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք քաղաքապետարան, թեկուզ մեր հայթայթած միջոցներով շներին մասսայական ստերիլիզացնելու համար, բայց մերժվել ենք»։