Փրկարարները տեղափոխել են հիվանդանոց
Մարտի 4-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ ձնաբքի հետևանքով Ապարանի բժշկական կենտրոն մեկնող ավտոմեքենան արգելափակվել է, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարները` «Ուրալ» ամենագնաց ավտոմեքենայով: Նիգավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է, հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1995 թ. ծնված Ռազմիկ և Պետրոս Մարտիրոսյաններին պատգարակով մոտեցրել են «Ուրալ» ավտոմեքենային և տեղափոխել Ապարանի բժշկական կենտրոն:
Այրվել է տնակ
Մարտի 4-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Լենինգրադյան փողոցում` շտապօգնության նախկին կայանի մոտ, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.03-ին, մարվել` 21.09-ին:
Այրվել են Ն. Ղազարյանին պատկանող տնակը և գույքը` 40 քմ մակերեսով:
Թունավորում
Մարտի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում աջրից թունավորման նշաններով Վայոց Ձորի Ջերմուկի, այնուհետև` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ջերմուկի բնակչուհի, 1994 թ. ծնված Վարդիթեր Թորոսյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ձնաբքի հետևանքները
Մարտի 4-5-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում արգելափակված մեքենաների վերաբերյալ: Մասնավորապես` հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ծաղկաշեն - Ալագյազ ավտոճանապարհին արգելափակված 13 ավտոմեքենա, իսկ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին` «Մերսեդես» մակնիշի 78MM888 պ/հ ավտոմեքենան: