Մահացել է գրիպից
Դեռևս 2013 թվականի փետրվարի 28-ին հոսպիտալացված հիվանդը (58-ամյա տղամարդ), որը բժշկական օգնության էր դիմել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում և սուր շնչառական անբավարարությամբ, 2013 թվականի մարտի 6-ին մահացել է: Ցավոք, հիվանդը ոչ միայն բավական ուշ էր դիմել բժշկական օգնության, այլև հրաժարվել էր հիվանդանոցային բուժումից։ Չափազանց ծանր վիճակում հայտնվելուց հետո միայն շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
ԱՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ դեռևս շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ մշտադիտարկումը, որի արդյունքները վկայում են այն մասին, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 2,1 անգամ (2013թ. փետրվարի 18-24-ը` 5033, 2013թ. փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688)՝ պայմանավորված ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ:
Նշված հիվանդություններով շտապ օգնության կանչերի թիվը նույնպես աճել է, սակայն վերջին երկու օրվա ընթացքում այդ կանչերի թվի ավելացում չի դիտվել:
Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ ներկայումս ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում նվազել է ծանր կամ միջին ծանրությամբ հիվանդների թիվ:
Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում բուժում են ստանում՝
Մարզերում`
սուր շնչառական վարակներով 200 հիվանդ,
թոքաբորբի թեթև ձևով` 96 հիվանդ,
Երևանում`
սուր շնչառական վարակներով 305 հիվանդ,
թոքաբորբի թեթև ձևով` 102 հիվանդ:
Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում
բուժում է ստանում 13 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինչպես հոսպիտալացված, այնպես էլ ամբուլատոր հիվանդների շրջանում կազմակերպված և իրականացված վիրուսաբանական հետազոտությունների արդյունքում գերակշռում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։ Արձանագրվում են նաև գրիպի Բ տեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: