Փակ շուկային կվերադարձվի՞ հին տեսքը
Մարտի 6-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է՝ ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի 1855 թ. Սբ Աստվածածին և 13-րդ դարի Սբ Աստվածածին եկեղեցիների վերակառուցման, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի Սբ Մարինե եկեղեցու վերականգնման էսքիզային նախագծերը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ներկայացված Երևանի Մաշտոցի պողոտայի Կենտրոնական ծածկած շուկայի հարցը:
Վերջինիս կապակցությամբ գիտամեթոդական խորհուրդը տվել է մասնագիտական եզրակացություն՝ այն է. իրականացնել նախագծով նախատեսված Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով:
Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո մշակել շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:
Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը։