Դելֆինները հիվա՞նդ էին
Երեւանի դելֆինարիումը փակման պատճառն այն է, որ նրանք վատառողջ էին, եւ չէին կարող դիմանալ Երեւանում ստեղծված պայմաններին։ Համոզված է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը։
Դելֆինարիումը իր գործունեությունը Հայաստանում սկսել է դեռ 2011 թ-ին, իսկ մեկ տարի հետո ժամանակավորապես փակվեց։ Պատասխանատուները հայտարարեցին, որ դելֆիններին տանում են հյուրախաղերի։
«Նրանք վատառողջ էին, տարան եւ փոխեցին նրանց։ Հիմա փոխված կենդանիներն էլ չկարողացան դիմանալ այս անմարդկային պայմաններին։ Ինչպես կարո՞ղ է դելֆին ապրել քլորացված ջրի մեջ»,- «Ա1+»-ին ասաց Սիլվա Ադամյանը։
Նրա խոսքերով՝ դելֆինարիումում զտիչ սարքավորում չկար եւ արտաթորանքը մնում էր ջրի մեջ, ուստի ջուրը մաքրելու միակ միջոցը մնում էր քլորացումը.
«Երբ մտնում էիր դելֆինարիում, քլորի հոտը միանգամից հարվածում էր քթիդ»։
Տիկին Ադամյանի խոսքերով՝ մեկ դելֆինն արժե 30.000 եվրո եւ եթե նրանք սատկեին, մեծ աղմուկ կբարձրանար։
Հիշեցնենք, որ «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» կազմակերպությունները 2011 թ. դիմել էին դատարան՝ կասեցնելու դելֆինարիումի գործունեությունը։ Սակայն դատարանը նրանց ճանաչել էր ոչ պատշաճ հայցվոր, քանի որ ՀԿ-ները չէին կարող պաշտպանել դելֆինների իրավունքները։ Կենդանասերները «Դելֆինարիում»-ի փակումը համարում են նաեւ իրենց հաղթանակը։
Դելֆինարիումի տնօրինությունից հեռախոսազանգերին չեն պատասխանում։