Փաստաբանները հերթ էին կանգնել
Այսօր Փաստաբանների պալատում անսովոր աշխուժություն էր; Փաստաբանները ընտրում էին ՓՊ խորհրդի անդամներ: Թեկնածուները 31-ն են;
Ինչպես նշեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը, ընտրվելու է խորհրդի 12 անդամ։
Յուրաքանչյուր փաստաբան կարող է ընտրել մինչեւ 12 անդամ։
Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ընտրվում են 4 տարին մեկ անգամ։
«Խորհուրդը իրենից ներկայացնում է կառավարման մարմին եւ հիմնական գործառույթները դրված են այդ մարմնի վրա»,- ավելացրեց հանձնաժողովի նախագահը։
Կարեւոր նախապայման է նաեւ, որ թեկնածուները քվեարկելուց հետո լքեն ընտրատեղամասը։ Հանձնաժողովի նախագահը խորհրդի անդամի թեկնածուներից մեկին նույնիսկ դուրս հրավիրեց ընտրատեղամասից։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդ Նելլի Հարությունյանը ընտրությունների ընթացքը նորմալ գնահատեց։ «Հետագայում կլինի նաեւ մեր զեկույցը»,- նշեց նա։
Բազմաթիվ փաստաբաններ նույնիսկ հերթ էին կանգնել՝ ընտրությանը մասնակցելու համար։ Փաստաբանները իրենց ակտիվությունը պայմանավորում էին նրանով, որ խորհուրդը շատ կարեւոր մարմին է։
«Յուրաքանչյուր փաստաբան ուզում է հասկանա, թե ում է ընտրելու, ինչի համար է ընտրելու, այդ իսկ պատճառով այսպիսի ակտիվություն է»,- նշեց փաստաբան Մկրտիչ Վասակյանը։
Մինչեւ ժամը 17.00-ն փաստաբանները կարող են մասնակցել քվեարկությանը։ Ցուցակներում ընդգրկված էր 1376 փաստաբան-ընտրող։