Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական տիկնիկները՝ որպես տարոսիկ

Հասարակություն
4782e772dbfdbf722dad7723c2378439

Նկարչուհի եւ դիզայներ Հռիփսիմե Սարգսյանն արդեն մի քանի տարի է, ինչ բատիկայով է զբաղվում։ Նա պատրաստում եւ Վերնիսաժում վաճառում է շարֆեր, որոնց արժեքն առավելագույնը կազմում է 15 հազար դրամ։

«Հիմքը մեր հին հայկական մանրանկարչությունից եմ վերցնում ու մատուցում իմ ձեւով, ժամանակակից ձեւով։ Նկարում եմ հիմնականում մետաքսի կամ շիֆոնի վրա՝ կենաց ծառ, կյանքը, ընտանիքը խորհրդանշող պատկերներ, հայկական կարպետի նախշեր, նուռ»,-ասում է Հռիփսիմեն եւ ուղղում քամուց օդ բարձրացող 4 շարքով կախված շարֆերը։

Հիմնական գնորդները արտասահմանցի զբոսաշրջիներն են, որոնք վերցնում են հայկական մանրանկարչությունը ներկայացնող շարֆերը՝ որպես հիշատակ Հայաստանից։

Քիչ այն կողմ՝ Գեւորգ Տիգրանյանը փոքրիկ տաղավարում ներկայացնում է կնոջ հետ պատրաստած տիկնիկները, որոնք արժեն 1000-8000 դրամ։

«Ազգային տարազներով կամ թուամանյանական հեքիաթներից վերցրած հերոսներով կերպարներ ենք պատրաստում, որոնք երբեմն շատ ժամանակ են խլում, քանի որ կերպարների բնավորությունը պետք է արտահայտել դեմքի վրա»,-ասում է Գեւորգը։

Ազգային տարազով տիկնիկները գնում են եւ սփյուռքահայերը, եւ արտասհմանցիները, իսկ հայաստանցիները երբեմն վերցնում են հարսանիքների համար՝ որպես տարոսիկ։

Վերնիսաժի սկզբում դուդուկներ, զուռնա եւ շվի վաճառող Սամվել Գրիգորյանը 35 տարվա դուդուկահար է։

«Տանն եմ պատրաստում, արդեն 13 տարի կլինի։ Հիմնականում գնում են տուրիստները՝ ռուսներ, գերմանացիներ, սլովակներ, ֆրանսիացիներ»,-ասում է 60-անց դուդուկահարը։

Նա նշում է, թե լաց դուդուկը պետք ծիրանենու փայտից պատրաստվի եւ անպայման դուդուկահարի ձեռքով, որպեսզի ձայնը ճիշտ լսվի։