Ուսանողներն ընդդեմ իրավաբանի
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տուժած 2 ուսանողներն ներկայացրել են հայցադիմում՝ պահանջելով համալսարանի արդեն նախկին իրավաբան Զավեն Մարկոսյանից բռնագանձել խաբեությամբ իրենցից վերցված գումարները։
Զ.Մարկոսյանը մեղադրվում է համալսարանի ուսանողներից ուսման վարձերը զեղչված վճարելու պատրվակով՝ խաբեությամբ գումարներ վերցնելու մեջ։
Գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր տեղի ունեցած դատական նիստում էլ ուսանողները ներկայացրել են իրենց հայցապահանջը։
Ըստ «Փաստինֆո»-ի՝ այսօր վկաների հարցաքննությունից հետո դատարանն անցավ ամբաստանյալի հարցաքննությանը, ով չընդունեց առաջադրված մեղադրանքը։ Ամբաստանյալը մասնավորապես հայտարարեց, որ տուժողներն են դիմել իրեն ուսման վարձի զեղչման համար։ Ըստ նրա՝ Լևոն Թովմասյանը հունվար ամսին՝ մինչ իր երեխայի 1 տարին լրանալը, իրեն է տվել համապատասխան փաստաթղթեր, այնուհետև օրեր անց նաև գումարը, և ինքը տուժող Թովմասյանին խոստացել է, որ անդորրագիրը կտրամադրի վարձը վճարելուց հետո:
Իսկ տուժող Գևորգ Խաչատրյանը ուսման վարձի զեղչման մասին տեղեկացել է Թովմասյանից և ևս իրեն է դիմել նույն խնդրանքով՝ վերջինիս տրամադրելով և՛ փաստաթղթերը, և՛ գումարը:
Ամբաստանյալը նշեց, որ նրանց ուսման վարձը չի վճարել ելնելով անձնական պատճառներից, քանի որ ծախսել է, սակայն նրանց խոստացել է, որ հնարավորինս շուտ կվերադարձնի:
Զ.Մարկոսյանը պնդեց, թե տեղեկացրել է տուժող Լևոն Թովմասյանին, որ «գործը չի ստացվել», բայց նաև հավաստել, թե կվերադարձնի նաև այն գումարը, որը պետք է զեղչվեր՝ 60 000 դրամը, սակայն չի վերադարձրել, քանի որ, ըստ ամբաստանյալի, ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրվել աշխատավարձի վրա։
Ամբաստանյալը նաև հավելեց, թե տուժողները գիտակցել են, որ ինքը կարող էր այդ գումարները ծախսել անձնական կարիքների համար, ինչին տուժողները հակադարձեցին ասելով, որ նա գումարը պահանջել է գործը ի մի բերելու համար և որ իրենք այդ գումարները պարտքով են վերցրել մեկ ուրիշից, միայն թե ստացվի իրենց ուսման վարձի զեղչը, և ուղղակի չէին կարող նրան տալ իր կարիքների համար ծախսելու նպատակով:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 25-ին, որի ժամանակ ամբաստանյալը գրավոր կարձագանքի տուժողների ներկայացրած հայցադիմումին։