Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Կարմիրշալյանի նամակը Ա. Բաբայանին

Հասարակություն
757976016143b4bafaca5a8145f4e0db

Պաշտպանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը արձագանքել է Դատական դեպարտամենտի մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանի հարցազրույցին.

Ս.թ. մարտի 8-ին «Հրապարակ» օրաթերթի կայքում հրապարակվել է Դատական դեպարտամենտի մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանի հարցազրույցը` Պաշտպանի տարեկան զեկույցի` Արդարադատության նախարարությանը վերաբերող հատվածի վերաբերյալ:

Նպատակահարմար չգտնելով անդրադառնալ հարցազրույցում տեղ գտած բոլոր ոչ պրոֆեսիոնալ և ոչ կոռեկտ ձևակերպումներին և հայտարարություններին, այնուամենյանիվ, պարտավորված ենք համարում պարզաբանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ Արդարադատության նախարարության որոշ գործառույթներ, որոնց Դատական դեպարտամենտի մամուլի պատասխանատուն, իր գործունեության բնույթից ելնելով, պետք է լինի իրազեկված: Նման իրազեկման անհրաժեշտությունը չէր առաջանա վերջինիս` իր իսկ կողմից հիշատակված իրավական ակտերն ամբողջությամբ ընթերցած լինելու պարագայում:

Եվ այսպես, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Պաշտպանն իրավասու է ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները, որոշումներն օրինական ուժի մեջ են մտել:

Նույն հոդվածի համաձայն` Պաշտպանն իրավասու է հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ:

Հետևաբար, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նաև 7-րդ և 10-րդ հոդվածներից հետո զետեղված դրույթները ընթերցած լինելու պարագայում` ցանկացած անձի համար պարզ կդառնար, որ Պաշտպանն իրավասու է ուսումնասիրել վերը թվարկված դատական գործերից յուրաքանչյուրն` իր ամբողջական փաթեթով և տալու համապատասխան գնահատականներ, այդ թվում` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ հանդես գալու ճանապարհով:

Մինչ Պաշտպանի կողմից դատական համակարգում անարդարությունների և ապօրինությունների դեպքեր ներկայացնելու համար օբյեկտիվ հնարավորություն ունենալու վերաբերյալ իրավական հետևություններ անելը, խորհուրդ է տրվում հստակ տարբերակել բողոքի քննարկումը (որի ընթացքում Պաշտպանն իրավասու է պահանջելու բողոքին առնչվող ցանկացած նյութ և պարզաբանում, հանձնարարելու փորձագիտական հետազոտությունների կատարում, ներկայացնելու առաջարկություններ, կայացնելու մարդու իրավունքների խախտման մասին որոշումներ) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացումից, երբ Պաշտպանը ոչ թե քննարկում, այլ ուսումնասիրում է և գնահատական է տալիս համապատասխան դատական ակտին:

Որպես օրինակ, հենց հիշատակված դրույթների հիման վրա Պաշտպանն 2012թ. ուսումնասիրել է վարչական դատարանի դատական պրակտիկան` հայցադիմում ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունենալու հիմքի կիրառման մասով և դատական պրակտիկայի վրա հենվելով դիմում ներկայացրել Սահմանադրական դատարան: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման արդյունքում, ըստ էության, բացառվել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի վիճարկված դրույթի այն դատական մեկնաբանությունը, որը հանգեցնում էր համապատասխան դեպքերում արդարացի դատաքննության իրավունքի իմաստազրկմանը:

Ավելին, դեռևս 2009թ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի կողմից հրապարակվել է արտահերթ հրապարակային զեկույց` ՀՀ-ում արդար դատաքննության իրավունքի ապահովման մասին, որը հիմնված է եղել մի շարք դատական գործերի ուսումնասիրության վրա:

Ինչ վերաբերում է դատական համակարգին առնչվող խնդիրները ՀՀ Արդարադատության նախարարությանն առնչվող Զեկույցի բաժնում զետեղելուն և իշխանությունների տարանջատման հայտնի սկզբունքին, որի «քաջ իմացությունը» մի քանի անգամ փորձեց հիմնավորել բանախոսը հարցազրույցի ընթացքում, ապա խորհուրդ է տրվում բացի իր կողմից նշված իրավական ակտերից ծանոթանալ նաև ՀՀ Դատական օրենսգրքի, ՀՀ Արդարադատության նախարարության կանոնադրության և ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված կարգավորումներին` Արդարադատության նախարարության համապատասխան ոլորտում ունեցած գործառույթների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու նպատակով: Խորհուրդ է տրվում ծանոթանալ նաև Պաշտպանի կողմից` ՀՀ Արդարադատության նախարարության արձագանքին տրված պատասխանին (http://www.pashtpan.am/article/937), որտեղ առավել մատչելի եղանակով ներկայացվել են դատական իշխանության ոլորտում Արդարադատության նախարարության դերն ու գործառույթները:

Եվ վերջապես, անդրադառնալով դատական իշխանությանը վարկաբեկող անhիմն հայտարարություններ տարածելու գործելաոճից ձեռնպահ մնալու Ա. Բաբայանի հորդորներին, մինչ նման հորդորներով հանդես գալը, խորհուրդ է տրվում ծանոթանալ ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներին, որոնք վերաբերում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելու դեպքերում նախատեսված քրեական պատասխանատվությանը: