«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներն են բողոքում (տեսանյութ)
Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան առիթով հարուցված քրեական գործում նախաքննական մարմինը ցանկացել է հնարավորինս շատ մարդ ներգրավվել,- կարծում է գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը եւ իր պաշտպանյալին համարում նրանցից մեկը։
«Նպատակը այն է եղել, որպեսզի մարդկանց քանակը մեղադրյալների ավելացնեն, այդ դժգոհությունները մեղմելու առումով, նպատակը եղել է, ոչ թե բուն հանցագործներին կամ հանցագործություն կատարած անձանց ձերբակալեն, այլ քանակ ապահովվեն»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը նշում է, որ Նորայր Հայրապետյանն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, եւ ցանկացել ճշտել, թե ինչու են իրենց տուն ոստիկաններ գնացել. «Սակայն ներկայանալուց հետո նրան անմիջապես ձերբակալում են` Վահե Ավետյանին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով»։
Նորայր Հայրապետյանը «Հարսնաքար» համալիրի անվտանգության աշխատակից է եղել; Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավերյանը 12 օր մնալով անգիտակից վիճակում հիվանդանոցում մահացավ; Այս գործով ձերբակալվել են 6 անձինք;
Նրանցից մեկը Արման Բաղդասարյանն է, որը նույնպես ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներից է: Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը գտնում է, որ իր պաշտպանյալը նույնպես պատահաբար է հայտնվել այս գործում;
«Դա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ որոշակի անձանց թվաքանակ է ապահովվել սույն քրեական գորչով, այլ ոչ թե իրական նախաքննություն է իրականացրել՝ պարզելու յուրաքանչյուրի կատարած արարքը»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Այսօր դատարանում հետազոտվում էին քրեական գործում առկա փաստաթղթերը։ Ի դեպ, այսօրվա դատական նիստը ի տարբերություն նախորդների, ընթանում էր կիսադատարկ դահլիճում; նիստերին չեն ներկայանում նաեւ Վահե Ավետյանի հարազատները: