Մնջախաղի հանճարի չխամրող աշխարհը (տեսանյութ)
Այսօր Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 78 տարեկան:
Մարսել Մարսոն նրան մնջախաղի հանճար էր անվանում ու շարժումի մեծ պոետ: Իսկ Սերգեյ Փարաջանովը նրան համարում էր միակ, դերասանը, որին փոխարինելն անհնար է: Նրա արվեստը ջերմացնում էր մարդկային հոգիները, երջանկացնում սրտերն ու մաքրում մտքերը:
Հանդիսատեսը սիրում ու երկրպագում էր: Կոլեգաներից շատերն էլ նախանձում ու չարանում: Մանկան թափանցիկ հոգով ու բացառիկ տաղանդով օժտված Լեոնիդ Ենգիբարովը, հեռացավ կյանքից, երբ ընդամենը 37 տարեկան էր:
Հեռացավ՝ թողնելով սերունդներին կրկեսային ռեպրիզների ու մանրապատումների տեսագրության պատառիկներ, իր դերակատարումները Փարաջանովի, Իսահակյան-Մալյանի, Ռոլան Բիկովի, Վասիլի Շուկշինի ու Թենգիզ Աբուլաձեի ֆիլմերում, իր հրաշալի նովելներն ու իր ստեղծած աշխարհը, որն ապրում է տասնամյակներ նրա մահից հետո, ապրում հավերժ շարունակությամբ: