Ցուցարարներին խորհուրդ տվեց հաշվել մինչեւ 100-ը (տեսանյութ)
Մշակութային հետագա այլանդակությունները կանխելու համար ` անհրաժեշտ է սահմանել հանրային վերահսկողություն: Այսօր նման պահանջով Մշակույթի նախարարության մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանց դժգոհությունը վերաբերում էր Գառնիի միջնադարյան կամրջին, որը վերանորոգումից հետո ձեւափոխվել է.
Ակցիայի մասնակիցները կամրջի վերաբերյալ 5 օր առաջ հանրային հարցադրումներ էին ուղարկել Մշակույթի նախարարություն եւ այսօր եկել էին պատասխանի հետեւից; Քաղաքացիների հետ հանդիպեցին նախարարության 3 ներկայացուցիչներ;
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանն ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց եզրակցություններ անելուց չշտապել. «Մեղադրելուց առաջ, այսպիսի մի խոսք կա` նախքան վիրավորելը` հաշվեք մինչեւ 100-ը, նախքան հարվածելը` հաշվեք մինչեւ 1000-ը, հիմա վիրավորել եք մարդկանց, մինչեւ 100-ը չեք հաշվել»։
Ակցիայի մասնակից Գոռ Հակոբյանը զարմացավ. «Նախ, մենք ոչ մեկին չենք վիրավորել: ես որպես քաղաքացի` կարող եմ վրդովվել ու իմ կարծիքը հայտնել»։
Ընդհանուր համաձայնության, այնուամենայնիվ, չգալով` կողմերը որոշեցին առաջիկայում հանրային քննարկում կազմակերպել` հարցին վերջնական պատասխան տալու համար: