«Ընտրական» նիստը հետաձգվել է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ Հրանտ Գլջյանի գործի քննությունը մարտի 15-ին նշանակված նիստը հետաձգվել է հաջորդ շաբաթ: Ըստ մեղադրանքի՝ Հ.Գլջյանը փորձել է թիվ 9/02 տեղամասում քվեարկել իր ընկեր Վիգեն Սարգսյանի փոխարեն՝ նախապես իր մոտ ունենալով նրա անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել:
Հ.Գլջյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի առաջին մասով՝ Մեկից ավելի անգամ կամ, այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Գործը սկզբնապես ընդունվել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթ, ապա ըստ ընդդատության ուղարկվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատարան, քանի որ «հանցանքը կատարվել է Երևան քաղաքի Նար-Դոսի 38 հասցեում՝ Մ. Նալբանյանի անվան 33 միջնակարգ դպրոցում, որտեղ տեղավորված է եղել թիվ 9/02 ընտրատեղամասը»։
«Փաստինֆո»