Խուլիո Իգլեսիասը կերգի հայերեն (տեսանյութ)
«Ես երբևիցե չեմ երգի մի տեղ, որտեղ ինձ համար հաճելի չէ»,- վստահեցրեց իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը:
Երեկ Երեւան ժամանած երգիչը հավաստիացրեց, որ երջանիկ է Հայաստան գալու համար ու հավելեց. «Ես մեծ սիրով եմ պատրաստվում երգել այստեղ: Այդ պատճառով էլ այսօր Երեւանում եմ: Ինձ երկար տարիներ չի մնացել ապրելու եւ երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ` իմ հայ ընկերների երկրում»:
Ընկերներից մեկն էլ Շառլ Անզնավուրն է,որին Խուլիո Իգլեսիասը ավագ եղբայր է համարում:
«Շառլ Ազնավուրն իմ վաղեմի մտերիմ ընկերն է, նրա հետ շատ զուգերգեր եմ կատարել»,- ասաց իսպանացի երգիչը:
Գրեմմի մրցանակակիր երգիչը չնայած առաջին անգամ է այցելում Հայաստան, բայց խոստովանում է, որ այս այցը չէ, որ իրեն պետք է «ստիպի» ճանաչել Հայաստանը:
Հայ մարդկանց հայացքներում իսպանացի երգիչը մելանխոլիկ ինչ-որ բան է նկատել, որը նաեւ իսպանացիներ մոտ է նկատում:
«Մեր ակցենտը, մեր լեզուն շատ նման է հայերենին: Վերջին քառասունհինգ տարվա ընթացքում ճանաչել եմ հազարավոր հայերի, որոնք իրենց մշակույթն են փոխանցում աշխարհին: Իմ այցը ոչ թե օտար մարդու այց է Հայաստան, այլ` հարազատի»,- ասաց երգիչը:
«Առաջին տպավորությունը, որ ստացել եմ Հայաստանից, այն է, թե ինչ հաճելի մարդիկ են հայերը: Երբ երեկ ինձ ճանապարհեցին Մոսկվայից, ասացին, որ գնում ես մի տաք երկիր` ոչ այն պատճառով, որ այստեղ եղանակն է տաք է, այլ՝ այն, որ ժողովուրդը լավ կընդունի»,-ասաց Իգլեսիասը:
Հնարավոր է, որ 70-ամյա Իգլեսիասը կատարի հայերեն երգ, քանի որ յուրաքանաչյուր երկիր գնալիս նա սիրում է կատարել տվյալ երկրի լեզվով երգ: «Ես արդեն ուսումնասիրել եմ, թե ինչ երգեր են հայերը սիրում»,- նշեց նա: