Կրկին գույնի հարցը քննարկման թեմա
Տաքսիների համարանիշները կրկին սպիտակով փոխարինելը կբերի միայն վարորդների աշխատանքի պարզեցմանն ու հեշտացմանը. այսօր այս մասին ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը:
«Ամեն ինչ արվում է մեր շատ հարգարժան տաքսու վարորդների բարեկեցության համար, նրանց աշխատանքը ավելի դյուրին դարձնելու համար, ավելորդ անգամ ճանապարհային ոստիկանություն չգնալու կամ տարբեր իրավասու կազմակերպություններին չդիմելու»,-ասում է Հայկ Սարգսյանը:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանը նույնպես կարծում է, որ տաքսիները պետք է սովորական համարներ ունենան, որպեսզի կարողանան նաեւ հանրապետությունից դուրս գալ:
«Եւ դա սկզբունքային հարց դարձնել եւ բողոքական կեցվածք ընդունելը, սխալ է իրենց կողմից: Մենք մեր հարազատներին, բարեկամներին, մենք ինքերս մեզ վստահում ենք երբեմն շատ անբարեխիղճ վարորդների, որոնք չգիտենք, մեքենա վարել գիտեն, թե ոչ, վկայական ունեն, թե ոչ, նարկոտիկ օգտագործել են, թե չէ, փնթի վիճակ, ծխող, սպորտային կիսատ պռատ հագուստով եւ այլն: Ու նրանք բողոքում են, որ իրենց տաքսիների համարների դեղին գույնը չեն ուզում փոխել»,-ասում է Պիլտոյանը:
Նա կարծում է, որ առավել կարեւոր են իր թվարկած խնդիրները, վարորդների փոձառությունն ու բարեխիղճ աշխատանք կատարելը, քան համարանիշների գույնի փոփոխության համար անհանգստանալը:
Նշենք նաեւ, որ ձմեռային շրջանի անցումից հետո, հանրապետությունում կսկսվեն արդեն հորիզոնական նշագծումների, անցումատեղերի, հոծ գծերի եւ այլ նշագծումների թարմացումը: