Աննախադեպ միջնորդություն Խաչիկյանի դատին (տեսանյութ)
Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը իր ծննդյան 41 ամյակը նշում է դատարանում։
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Վազգեն Խաչիկյանի եւ եւս 12 անձանց դատավարությունը։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացման մեջ։
Այսօր դատարանում աննախադեպ միջնորդությամբ հանդես եկավ սոցապ նախարարության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը։
Իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու համար նա առաջարկեց 10 մլն դրամ գրավ եւ, որպես հիմք, որ իր պաշտպանյալը չի խոչընդոտի դատավարությանը եւ ազդի վկաների վրա, եւս 286 մլն 700.000 դրամ գրավ՝ անշարժ գույքի դիմաց։
Պաշտպանը անշարժ գույքի տրամադրումը մեկնաբանեց նրանով, որ նա չի խուսափի դատավարությանն ներկայանալուց եւ չի խոչընդոտի գործի ընթացքին։
Ի դեպ, դատախազությունը գտել էր, որ 13 ամբաստանյալները պետական բյուջեին հասցրել են 260.958.681 ՀՀ դրամ վնաս, որն ավելի քիչ է, քան պաշտպանի ներկայացրած միջնորդության գրավի չափսը։
Մեղադրող Հ,Ենոքյանը առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ Հովհաննես Գրիգորյանը կարող է խոչընդոտել դատավարության ընթացքին եւ ներգործել վկաների վրա։
Մխիթար Պապոյանը որոշեց մերժել Խաչիկյանի և մյուսների գործով անցնող Հովհաննես Գրիգորյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը` կալանքն ընտրված խափանման միջոցը գրավով փոխելու մասին:
Ի դեպ, այսօր գերծով ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի պաշտպան Անդրանիկ Աբաջյանը միջնորդեց, որ այս փուլում թույլատրվի իր պաշտպանյալի տեսակցությունները հարազատների եւ ծանոթների հետ։
Բավականին երկար ժամանակ նրան չի թույլատրվել որեւէ տեսակցություն։ Թեեւ դատախազը դեմ էր, սակայն դատավորը բավարարեց միջնորդությունը։
Ի դեպ, այսօր Վազգեն Խաչիկյանը դատավորի հարցերին պատասխանելիս միշտ սկսում էր «Բարձր դատարան» արտահայտությամբ։