Որտե՞ղ են տեղափոխվելու գրքերը
Երևանի ավագանու մարտի 19-ին գումարված նիստում, նախքան օրակարգի հաստամանն ու ներկայացված հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանի հարցին՝ կապված Իսահակյանի արձանի հարևանությամբ գետնանցումում գրքի վաճառք իրականացնողների հետագա գործունեության հետ:
Քաղաքապետը նշել է, որ անձամբ է հանդիպել գրավաճառների ներկայացուցիչների հետ և հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարևանությամբ կամ Մալիբու սրճարանի հարակից գետնանցումներում: Ընդ որում, նշվել է, որ նշված տարածքներում գործունեություն իրականացնելու համար կապահովվեն ոչ պակաս նպաստավոր պայմաններ: Ավելին, քաղաքապետն առաջարկել է քննարկման համար ներկայացնել նաև հնարավոր այլ տարածքների տարբերակներ:
Տնտեսվարողների կողմից առաջարկվող տարածքներից մեկը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի շատրվանների հարակից հատվածն է, ինչը, քաղաքապետի խոսքով, նպատակահարմար չէ, քանի որ մի քանի ամսից արդեն այդ տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, և խնդիրը կրկին առաջանալու է:
Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի հարակից այգու տարածքում կրպակներ տեղադրելու առաջարկը միանշանակ մերժվել է քաղաքապետարանի կողմից: Տնտեսվարողները խոստացել են ընտրություն կատարել և այդ մասին տեղեկացնել քաղաքապետին: Քաղաքապետն, ի դեպ, նաև նշել է, որ նախկին տարածքի սեփականատերը պատրաստակամ է, նորոգման աշխատանքների ավարտից հետո նույն տարածքում կրկին գրքի վաճառքի առևտուր կազմակերպել, ուստի գրավաճառները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ նախկին տարածք:
Անցնելով օրակարգի հարցերին, Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2012թ. բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այնուհետ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու մասին, ինչպես նաև ԳԱԱ ակադեմիկոս, ՀՌՀ հիմնադիր ռեկտոր, ականավոր գիտնական, հայ-ռուսական գրական և մշակութային կապերի մեծանուն գործիչ Լևոն Մկրտչյանի, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, պետական մրցանակների դափնեկիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ փակցնելու մասին որոշման նախագծերին:
Անդրադառնալով համայնքի ենթակայության մանկապարտեզների գործունեությանը՝ քաղաքապետը վստահեցրել է, որ դրանք շարունակելու են գործել անվճար հիմունքներով, ինչի վերաբերյալ 2013 թ. բյուջեով ամապատասխան ֆինանսավորում է հատկացված: Քաղաքապետը սպառիչ պատասխանել է նաև հնչեցված մյուս բոլոր հարցերին, որոնք վերաբերել են քաղաքապետարանի ծրագրերով նախատեսված աշխատանքներին:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։