Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողները դիմում են ռեկտորին (տեսանյութ)

Հասարակություն
c29b33678682368339dff1e02e2d6ab6

Երևանի պետական համալսարանի դիմաց նստացույց անող ուսանողներն իրենց պահանջներն արդեն հստակեցրել են և պատրաստվում են այն ներկայացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։ Որոշ տեխնիկական շտկումներից հետո դիմում-նամակը կհանձնեն հասցեատիրոջը։

«Մեր կարճաժամկետ պահանջներն են՝ հեռացնել Գևորգ Մելքոնյանին իր պաշտոնից մարտի 19-22-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ստուգել և պատասխանատվության կանչել դասադուլի ժամանակ անօրինություններ կատարած բոլոր անձանց»,- ասաց Երիտասարդական շարժման մասնակիցներից Շողակաթ Վարդանյանը։

Եթե ուսանողների այս պահանջները Արամ Սիմոնյանը չիրականացնի, ապա նստացույցի մասնակիցները կանցնեն իրենց պահանջի հաջորդ կետերին։

«Մարտի 25-ից առաջ կդրվի նոր պահանջ՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին»,- ասաց Շողակաթը։

Երևանի պետական համալսարանի կուսակցականացումը դադարեցնելու համար ուսանողները պահանջում են նաև, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից։ Եթե չկատարվեն նաև այս պահանջները, ուսանողները խոստանում են դիմել ավելի կտրուկ քայլերի։

«Այս պահանջը մինչև մարտի 27-ը չբավարարելու դեպքում ԵՊՀ -ի հետ համագործակցող արտասահմանյան բուհերին կներկայացվեն ԵՊՀ գործունեության մանրամասները»,- ասաց շարժման մասնակիցներից Լիլիթ Հարությունյանը։

Ի դեպ պահանջատերերը ոչ միայն ԵՊՀ ուսանողներն են, այլև նրանց շարքերում շատ են նաև այլ բուհերի ուսանողներ, ովքեր մասնակցել են նաև փետրվարի 25-ից սկսված ուսանողների դասադուլին։ Նստացույցին զուգահեռ ուսանողները շարունակում են նաև ստորագրահավաքը նույն՝ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականի պահանջով։ Ստորագրահավաքին նույնպես մասնակցում են ինչպես մայր բուհի, այնպես էլ այլ համալսարանների ուսանողներն ու քաղաքացիները։

«Մոտավորապես 4000-5000 ստորագրություն կա արդեն»,- ասաց Լիլիթ Հարությունյանը, որ ի դեպ ԵՊՃՇՀ ուսանող է։