Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր ցերեկվա քշածը ես գիշերը զադնի եմ քաշում» (տեսանյութ)

Հասարակություն
f091c5d9f01a77ad9de0523827fa9917

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի եւ «Հիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի աշխատակիցների վեճը ծագել էր այն բանից հետո, երբ աշխատակիցները պարոն Հովհաննիսյանից պահանջում էին վերադարձնել, իրենց իսկ խոսքերով, 150 քմ տարածքը: Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է 2012թ. ապրիլի 21-ին այս ինստիտուտի մուտքի դիմաց բաժնետեր Սենիկ Ջուլհակյանի հետ վիճելու, նրան միջին ծանրության վնասվածք հասցնելու, ձեռքի 3-րդ եւ 5-րդ մատները կոտրելու համար:

Այսօր պետք է ցուցմունք տար Հմայակ Հովհաննիսյնաը, սակայն հայտարարեց, որ դեռեւս որոշ ապացույցներ չեն հետազոտվել: Նա նաեւ նշեց, որ ամբողջ այս դատավարությունն իր դեմ ուղղված քաղաքական հալածանք է, իսկ քրեական գործն էլ ամբողջովին շինծու է:

Հմայակ Հովհաննիսյանի դատապաշտան Գեորգի Գուլքանյանը միջնորդեց, որ դատարան հրավիրվեն ու հարցաքննվեն բուժքույրը, որը վիրակապել էր գործով տուժող Սենիկ Ջուլհակյանին, ոստիկանության հերթապահ մասի պետի օգնականը, ինչպես նաեւ` հրապարակվի 6 վկաների ցուցմունքների այն մասը, որը բոլորի մոտ կրկնվում է տառ առ տառ:

Ըստ պաշտպանի` նախաքննությունը կատարվել է թերի եւ նախաքննության ընթացքում չի պարզվել` Սենիկ Ջուլհակյանի մատները կոտրվել են դռան տակ մնալու հետեւանքով, թե ընկնելուց:

Դատախազն առարկեց միջնորդությունը` նշելով, որ այն անհիմն է: Այս հանգամանքը բորբոքեց Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանին. «Ձեր ցերեկվա քշածը ես գիշերը զադնի եմ քաշում»: Այս լեզվակռվից հետո դատավոր Գագիկ Պողոսյանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի կողմերը հանդարտվեն:

Քանի որ պաշտպանական կողմն այլ միջնորդություն եւս ուներ, եւ այն դեռ պատրաստ չէր, դատավորը որոշեց հետաձգել դատավարությունը` հաջորդ դատական նիստը նշանակելով ապրիլի 4-ին: