Քաղաքացին իրավունք չունի՞անհանգստանալ (տեսանյութ)
Ո՞վ է պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող ԱՕԿՍ-ի շենքի սեփականատերը: Այսօր վարչական վերաքննիչ դատարանում այս հարցի պատասխանը չստացան ԱՕԿՍ-ի ճակատագրով մտահոգ մի խումբ քաղաքացիներ:
Դատական նիստին, որը տեսանկարահանելը արգելվեց, որպես պատասխանող ներկայացել էր « Լոքալ Դիվելոփմենթ» կառուցապատող ընկերությունը:
Պատասխանող կողմի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը գտնում է,որ դատարանում 6 ամիս շարունակ լսվող հայցադիմումը ոչ մի կապ չունի ԱՕԿՍ-ի շենքի հետ.« Դատարան կարող է դիմել ԱՕԿՍ-սեփականատերը այլ ոչ ինչ որ մեկը ում մտքով անցնում է»:
Դատարան դիմած քաղաքացները բնակվում են հենց ԱՕԿՍ-ի հարևանությամբ` Աբովյան 3/1 շենքում: Նրանք գտնում են, որ ԱՕԿՍ-ի շենքը վտանգված է, կես մետր հեռավորության վրա շենք կառուցելով խախտվել են քաղաքաշինական մի շարք նորմեր:
ԱՕԿՍ-ի ճակատագրով մտահոգված բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանը գտնում է,որ պատմաճարտարապետական հուշարձանները բոլորիս սեփականությունն են, և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է այն պաշտպանել.
«ԱՕԿՍ-ի հանրապետական նշանակության պատմամշակութային կառույցի հետևում կառուցվող հսկայական հյուրանոցային համալիրը կառուցվում է ուղղակի խայտառակ խախտումներով: Հուշարձանի մաս հանդիսացող կառույցը քանդվել է առանց որևէ մեկի թույլտվության»,- ասաց նա։
Ի դեպ այսօրվա դատական նիստին որպես երրորդ կողմ հրավիրվել էին նաև ԱԻՆ և քաղաքաշինության նախարարությունները:
ԱԻ նախարարությունը գրավոր դիրքորոշում է հայտնել, որ ԱՕԿՍ-ի հարեւանությանմբ բարձրահարկ շենքի կառուցումը քաղաքաշինական նորմերի խախտում է:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով՝ քաղաքաշինության եւ ԱԻՆ ներկայացուցիչների բացակայության պատճառով: