Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ գիրքը լսում ես (տեսանյութ)

Հասարակություն
68486b02af5f788a41aefa336bdb55c0

32-ամյա Վահան Նահապետյանն արդեն 10 տարի է աուդիոգրքեր է ձայնագրում եւ թվայնացնում: Նա գտնում է, որ որեւէ մեկն իրենից ավելի լավ չի հասկանում, թե տեսողության հետ խնդիր ունեցող մարդու կյանքում ինչ նշանակություն ունի գիրքը:

«Շեշտը դրվում է տեսողական խնդիր ունեցող անհատներին, որ կարողանան լսելով ինֆորմացվեն: Եթե չկրթվեն, շատ բաներ չեն իմանա, դրա համար ես որոշել եմ նաեւ հոգեբանությանը վերաբերող գրքեր թվայնացնել. Ֆրեյդը, Յունգը կամ Շոպենհաուերը եւ այլն»,-ասում է Վահան Նահապետյանը:

Ընթերցանության նկատմամբ մեծ սեր ունեցող երիտասարդն իր գրադարանում արդեն հարյուրավոր հայերեն գրքեր ունի, այդ թվում թարգմանություններ:

Տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ Վահանի անձնական գրադարանում կարող Է գտնել տարեբր տարիքային խմբի եւ հետաքրքրության գրականություն:

Վերջին տարիներին նա ռեստավրացիայի է ենթարկել նաեւ` դեռ 70-ականներին ժապավենի վրա ձայնագրված շուրջ մի քանի տասնյակ գրքեր:

«Հիմնականում անալոգ հասկացողության մեջ ենք ձայնագրությունը կատարում: Հիմնականում բոլոր մաքրման աշխատանքները ես եմ անում»,-ասում է Վահանը:

Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց կրթության համար թվային աուդիոգրքերի սակավությունն այսօր լուրջ խնդիր է դպրոցներում:

Երեւանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցի գրադարանի մեծ մասը սովետական ժամանակաշրջանի ժապավենային ձայնագրություններից մնացած,հայերեն լեզվով, բայց ձայնի որակը ամբողջովին կորցրած եւ օգտագործման համար ոչ պիտանի գրքեր են:


«Ցավոք սրտի, սրանք ընդամենը մնացել են պահարանում եւ ցանկալի կլիներ, որ սրանք էլ թվայնացնեին, եւ մեծ օգնություն կլիներ տեսողական խնդիր ունեցող մարդկանց»,-ասում է Երեւանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Հովսեփյանը:

Դպրոցում, ուր սովորում են 18 տարեկանից բարձր՝ տեսողության խնդիր ունեցող անձինք, գոյություն ունի ընդամենը 350 կտոր թվային աուդիոգիրք, այն էլ ռուսերեն լեզվով:

Այդ գրականությունը 2 տարի առաջ դպրոցին նվիրել է տեսողության հետ խնդիր ունեցող մի աղջիկ:

Ի դեպ, Երեւանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը Վահան Նահապետյանին չի դիմել, մինչդեռ նա մեծ սիրով եւ անվճար պատրաստ է աջակցել աշակերտներին: