Իրազեկման ակցիա Երեւանում
Երեւանի կենտրոնում տուբերկուլյոզի տարածման, կանխարգելման եւ բուժման մասին այսօր իրազեկման ակցիա էր կազմակերպել Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա` մարտի 24-ի նախաշեմին Աբովյան փողոցով շրջում էին մի խումբ ուսանողներ եւ բաժանում անցորդներին տեղեկատվական նյութեր, փոքրիկ գրքույկներ:
«Մեզ մոտ բարձրագույն տվյալները նշվել են 2005-ին, որից հետո, երբ ծրագիրը դրվեց գործունեության եւ արդեն լիարժեք սկսեց գործել, ամեն տարի հիվանդացության նվազում գրանցվեց»,-ասում է Հայկական Կարմիր խաչի առողջապահության բաժնի վարիչ Նարինե Մաթեւոսյանը:
Հայաստանում հայտնաբերվել է տուբերկուլոզով տառապողների 1127 նոր դեպք:
«Ավելի բարվոք է, քան նախկին սովետական երկրներում ինչպիսին են միջին ասիական երկրները , մեր կողքի հարեւան երկրները: Բայց ամեն դեպքում փոքր ազգաբնակչության համար նման թվերը բավական ահազանգող են»,-ասում է Մաթեւոսյանը:
Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող եւ դիմադրողականության անկման հետեւանքով գլուխ բարձրացնող այս հիվանդության մասին, ըստ մասնագետի, հիմնականում տեղյակ են տանը հիվանդ ունեցող ընտանիքները, իսկ մյուսները՝ ոչ:
Սակայն ակցիայի ընթացքում անցորդների հետաքրքրությունը բավականին մեծ էր:
«Ես տեսնում եմ մարդիկ ինչպես են հետաքրքրված եւ ցանկանում են տեղեկացված լինել, թե դա ինչ հիվանդություն է, ինչպես բուժվել, ինչպես կանխարգելել»,-ասում է ակցիայի մասնակից՝ ռուս-հայկական սլավոնական համալսարանի ուսանողուհի Անժելա Մարտիրոսյանը:
Նշենք, որ ՀՀ-ում տուբերկուլյոզի հայտնաբերումը, հետազոտությունը, բուժումը եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանալը մինչեւ բուժման լիարժեք ավարտը, անվճար է: